Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է «ԴիջիԹեք 2024»-ը. Մխիթար Հայրապետյանը մասնակցել է բացմանը (լուսանկարներ)

04 Հոկտեմբեր, 2024 20:11
Մեկնարկել է «ԴիջիԹեք 2024»-ը. Մխիթար Հայրապետյանը մասնակցել է բացմանը (լուսանկարներ)

Մերիդիան էքսպո կենտրոնում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել տարվա ամենատեխնոլոգիական «ԴիջիԹեք 2024» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել  է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

 ԲՏԱ նախարարությունն այս տարի առաջին անգամ «ԴիջիԹեք» էքսպոյին ներկայացել է նոր, հետաքրքիր և տարբերվող ձևաչափով:

Նախարարության միասնական տաղավարում ներկայացված են «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»-ը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը, «Հայփոստ»-ը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան»-ը,
«Ինժեներական քաղաք»-ը:

  Բացման հանդիսությանը՝ նախարար Մխիթար Հայրապետյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, հյուրերին, տեխնոլոգիական համայնքի
ներկայացուցիչներին, ընդգծել է, որ Հայաստանի ապագան կանխորոշողը Հայաստանի ուժեղ և մրցունակ տնտեսությունն է. «Տնտեսություն, որը գիտելիքահենք է, որի հիմքում դրված են նորարարությունները և բարձր տեխնոլոգիական նորարար լուծումները, տնտեսություն, որտեղ խրախուսվում է արտահանելի ճյուղերի խթանումը, որտեղ արտադրական գործընթացների արժեշղթան հենց մեր երկրի
ներսում առավելագույնս երկարացվում է։ Տնտեսություն, որի տրամաբանությունը և փիլիսոփայությունը խրախուսում է ոչ թե հումք, այլ՝ պատրաստի արտադրանք արտահանել մեր երկրից։ Այս ամենի լավագույն արտացոլանքը կարելի է տեսնել հենց «ԴիջիԹեք»-ի շրջանակներում»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը զուգընթաց քայլում է տեխնոլոգիական համայնքի մասնավոր հատվածի գործընկերների հետ՝ ունենալով
նույն ընկալումը։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, կարևորել «ԴիջիԹեք»-ի միջազգայնացման ուղղությամբ
աշխատանքների անհրաժեշտությունը։

Ներկաներին ողջունել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա անդրադարձել է տեխնոլոգիական այն նոր գործիքներին, որոնք ներդրվում են
Երևանի քաղաքապետարանի կողմից՝ նշելով, որ թվային փոխակերպումը մեր քաղաքի զարգացման ամենակարևոր հենասյունն է։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Այնուհետև նախարար Մխիթար Հայրապետյանը շրջել է էքսպոյի տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ, ծանոթացել ցուցահանդեսի շրջանակներում
ներկայացված տեխնոլոգիական ընկերությունների վերջին նորություններին ու ձեռքբերումներին։

«ԴիջիԹեք 2024»-ի ընթացքում տեղի կունենա նաև DigiTalks-ը, որտեղ միջոցառման   3 օրերի ընթացքում կքննարկվեն տեխնոլոգիական կրթության,
էկոհամակարգի զարգացման, տաղանդների կառավարման լավագույն փորձի, տեխնոլոգիական վերջին նորարարությունների, ինչպես նաև արհեստական
բանականության, դրա ազդեցության և նոր մարտահրավերների վերաբերյալ թեմաներ:

Նշենք նաև, որ «ԴիջիԹեք 2024»-ի տարածքը գերազանցում է 10 հազար քմ-ն։ «Ստարտափների արահետում» ներկայացված են մոտ 100 ստարտափ: Գործում է նաև «վերելակային ելույթի» (elevator pitch) հնարավորությունը․ նորարար
գաղափարներ ունեցող անհատները կկարողանան դրանք ներկայացնել անմիջապես ներդրողներին։ «ԴիջիԹեք»-ը Հայաստանում անցկացվող ամենամեծ ցուցահանդեսն է՝ հագեցած ՏՏ նորագույն լուծումների, ինժեներական ներուժի ներկայացումներով, մասնագիտական սեմինար-քննարկումներով։ Կազմակերպիչը՝ ավանդաբար Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է՝ ԱՏՁՄ-ն։
«ԴիջիԹեք» էքսպո ցուցահանդեսների անցկացման մեկնարկը տրվել է 2005 թվականին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ։շ

 

 

Լրահոս

Դիտել ավելին