Կարևոր իրադարձություններ

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին (լուսանկարներ)

04 Հոկտեմբեր, 2024 18:12
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 և Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 նորակառույց դպրոցներ՝ ծանոթանալու գույքով ապահովման գործընթացին: 

Դպրոցները կառուցվել են Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում և արդեն մոտ 1 տարի է՝ ինչ սկսել են բնականոն դասապրոցեսը: Դպրոցներն ապահովված են ուսումնական նոր գույքով. այս պահին ավարտին են մոտենում ճաշարանների կահավորման աշխատանքները:

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, կազմակերպատնտեսական վարչության պետ Հրանտ Մկրտչյանը և Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները, որին պատվիրակված է եղել դպրոցների շինարարությունը:

Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մխիթարյանը նախարարին տեղեկացրել է, որ դպրոցն ունի 850 աշակերտ, որոնցից 334-ը տարական դասարանների երեխաներ են: Նրա տեղեկացմամբ՝ ճաշարանը պետք է գործի 2 հերթափոխով, որպեսզի հասցնի սպասարկել բոլորին: Նախարարը հետաքրքրվել է՝ որքանով է գույքը մարդաչափական առումներով հարմարեցված երեխաներին և դպրոցի ճաշարաններին հատկացված տարածքներին, ինչ աշխատանքներ դեռ պետք է իրականացվեն:

Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոցի տնօրեն Անդրանիկ Քեհեյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ճաշարանային հատվածում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել, թե այս պահին դեռ ինչ անելիքներ կան: Տնօրենը տեղեկացրել է, որ դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար. այս պահին 303 սովորող ունեն, որոնց մոտ կեսն օգտվելու է ճաշարանից: Այս դպրոցում ևս տնօրենությունը դիտարկում է ճաշարանի գործարկումը 2 հերթափոխով:

Տնօրենը ԿԳՄՍ նախարարին տեղեկացրել է, որ թիվ 111 դպրոցը ներառված է նաև «ԿԱԹ երեխաներին» ծրագրում, որի շահառու են լինելու դպրոցի 5-9-րդ դասարանի  աշակերտները: Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ իրականացվող փորձնական ծրագրից օգտվելու է այս դպրոցի 120 աշակերտ. որոշ աշակերտներ հրաժարվել են՝ ծնողների դիմումների համաձայն:

Նախարարը հետաքրքրվել է, թե արդյոք ամբողջությամբ ապահովվել է դպրոցներին հատկացված ուսումնական նոր գույքը և մարզադահլիճների կահավորումը:  Նշվել է, որ գույքային հագեցվածությունն արդեն ավարտական փուլում է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցների պատասխանատուների հետ   քննարկել է ճաշարանի գործարկման ժամկետները, ինչպես նաև աշխատանքների կազմակերպմանն առնչվող այլ հարցեր: 

Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններն ամբողջությամբ ապահովվում են նոր ուսումնական, մարզական, խոհանոցային և լաբորատոր գույքով ու սարքավորումներով:

 

Լրահոս

Դիտել ավելին