Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի 2000-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաների դիպլոմները կեղծ են

21 Հոկտեմբեր, 2015 20:54
Ադրբեջանի 2000-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաների դիպլոմները կեղծ են

Ադրբեջանում բարձրաստիճան եւ միջին մակարդակի պաշտոնններում փաստացի աշխատողների մեջ 2000-ից ավելի կեղծ դիպլոմ ունեցող անձինք կան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է faktxeber.com կայքը` նշելով, որ այդ դիպլոմները նրանց համար ապահովել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, միեւնույն ժամանակ, գիտության եւ կրթության հանձնաժողովի փոխնախագահ, ինչպես նաեւ Բաքվի պետական համալսարանի գիտական խորհրդի նախագահ Բախտիյար Ալիեւը:

Այսպես, Բախտիյար Ալիեւը 2000 թվականին Բաքվում բացել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական հարաբերությունների, իրավունքի եւ էկոնոմիկայի համալսարանի բաժանմունքը: Ընդամենը երկու սենյակից բաղկացած այդ բաժանմունքը 7 տարվա ընթացքում առանց քննությունների (իբրեւ ռուսաստանյան օրենքների համաձայն) 2 հազարից ավելի ուսանող է ընդունել: Բոլոր ընդունվածները պաշտոնատար անձանց երեխաներ են եղել:

Ընդունելությունից մեկ ամիս հետո Բախտիյար Ալիեւը նրանց փոխադրել է տարբեր պետական համալսարաններ: Այսպիսով` առանց քննությունների ընդունված այդ անձինք Բաքվի պետհամալսարանի եւ այլ հեղինակավոր համալսարանների դիպլոմներ են ստացել:

Ըստ կայքի` Բախտիյար Ալիեւը բակալավրիատն ավարտած իր հովանավորյալների դիպլոմների կարգավիճակն ավելացնելու համար հետագայում օգնել է նրանց երկրորդ բարձրագույն կրթություն ստանալ կամ գիտական թեկնածուական թեզ պաշտպանել:

Այդ կեղծ դիպլոմավոր անձինք իրենց պաշտոնյա ծնողների շնորհիվ ներկայում բարձր պաշտոններ են զբաղեցնում տարբեր պետական կառույցներում: Նրանք տեղավորվել են հիմնականում ուժային կառույցներում, քանի որ նրանց մեծ մասն իրավաբանական բնագավառում է «կրթություն» ստացել:

Այս մասին կայքին տեղեկացրած աղբյուրը հայտնել է նաեւ, թե որ կառույցում քանի կեղծ դիպլոմավոր անձ կա:

«Իմ ունեցած տեղեկության համաձայն` Ադրբեջանի գլխավոր դատախազությունում 2 հոգի Բաքվի այդ բաժանմունքի շրջանավարտ են: Նրանցից հարյուրավոր անձինք բարձր եւ միջին պաշտոններ են զբաղեցնում ներքին գործերի, արտակարգ իրավիճակների եւ ադարադատության նախարարություններում», -հայտնել է կայքի աղբյուրը:

Նրա խոսքով` ներկայում Ադրբեջանի շրջաններից մեկի դատախազը եւս կեղծ դիպլոմավոր է: Կայքի աղբյուրը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել այդ անձանց ցուցակը եւս, հայտնում է faktxeber.com-ը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ այդ երկրի կրթության նախարարության կողմից անցկացված ստուգումների արդյունքում` 92 ուսուցիչների բարձրագույն կրթության դիպլոմները կեղծ են եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին