Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին այցելել է Վայոց ձորի մարզ և ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետին ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այլ գերատեսչությունների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պաշտոնյաներն այցի ընթացքում եղել են նաև Արենի համայնքի Ռինդ բնակավայրում Կառավարության աջակցությամբ «Նոա օֆ Արենի» ՍՊԸ-ի կողմից հիմնված 20 հա խաղողի ինտենսիվ այգում: Ութ տարիների ընթացքում այգիների և գործարանի հիմնման և ընթացիկ ծախսերի համար ներդրվել է մոտ 3 մլրդ դրամ։ Ընկերությունը շուկայում է իր ՆՈԱ, Արկուռի, Արևունի և ԹԱԹ ապրանքանիշերով այս պահին արտահանում է արտադրանքն ավելի քան տաս երկրներ։ Հիմնական շուկաներն են՝ ՌԴ, Եվրոպա, ԱՄՆ, Բրազիլիա։
Ընկերությունը հիմնադրվել է 2017 թ-ին։ 2017 - 2018 թթ․ ընկերությունն Արենի համայնքի Ռինդ և Աղավնաձոր գյուղերում գնել է 45 հա խաղողի այգի: Աշխատանքները մեկնարկել են 2019 թ.-ին։ Պետական աջակցման ծրագրի շրջանակում հիմնվել է 20 հա ինտենսիվ խաղողի այգի։ Այս նպատակով տրամադրվել է սուբսիդավորված վարկ՝ 172 մլն դրամի չափով։ 2023 թ.-ից 65 հա այգում խաղողը մշակվում է օրգանիկ եղանակով, 2025 թ․ ավարտին նախատեսվում է օրգանիկ սերտիֆիկատի ստացում։ Պետական աջակցման ծրագրի շրջանակում 65 հա այգում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու նպատակով տրամադրվել է 99 մլն դրամ վարկ, որն այս պահի դրությամբ ամբողջովին մարվել է։