Կարևոր իրադարձություններ

Կապույտ հազի իրավիճակը բավականին լարված է Եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Հայաստանում. Արմեն Մուրադյան

23 Օգոստոս, 2024 19:51
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Կապույտ հազի իրավիճակը բավականին լարված է Եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Հայաստանում. Արմեն Մուրադյան

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն անրդադարձել է կապույտ հազ վարակին։

«Կապույտ հազը բարձր վարակելիությամբ շնչառական վարակիչ հիվանդություն է: Վարակն ունի մի շարք համաճարակաբանական առանձնահատկություններ: Վարակի աղբյուրը կապույտ հազով հիվանդն է, ինչպես նաև վարակային գործընթացի ատիպիկ կամ անախտանշանային ձևով անձինք: Վարակելիության շրջանը հիվանդության 4-6 շաբաթներն են, սակայն հիվանդն առավել վարակիչ է առաջին շաբաթվա ընթացքում: Կապույտ հազի հարուցիչները (Bordetella pertussis) հեշտությամբ փոխանցվում են մարդուց մարդուն օդակաթիլային մեխանիզմով՝ արտազատվելով խոշոր կաթիլներով և տարածվելով 2-2.5 մ շառավղով: Կարևոր է նշել, որ հարուցիչի բազային վերարտադրողականության ցուցանիշը՝ R0=12-17, այսինքն՝ մեկ հիվանդը կարող է միաժամանակ վարակել միջինում 14 ընկալ անձանց: Հիվանդությունն ընթանում է շնչառական ուղու հանկարծակի կատառալ բորբոքումով՝ գրգռիչ հազ, որը հիվանդության զարգացման հետ (1-2 շաբաթից) աստիճանաբար ձեռք է բերում նոպայաձև կրկնվող բնույթ: Կապույտ հազ վարակն ունի հստակ պարբերականություն՝ 3-5 տարի ինտերվալով:

Բարձր հիվանդացությունը սովորաբար դիտվում է մինչև 5 տարեկանների շրջանում, առավել խոցելի տարիքային խումբը մինչև 1 տարեկաններն են: Այս խմբում արձանագրվում է մահվան դեպքերի 90%-ը: Վերջին տարիներին նկատվում են կապույտ հազի համաճարակաբանական օրինաչափությունների որոշակի փոփոխություններ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների համաձայն՝ որոշ եվրոպական երկրներում կապույտ հազի դեպքերի աճ է արձանագրվել նաև դեռահասների և մեծահասակների շրջանում, ովքեր էլ դառնում են հիմնական վարակի աղբյուր երեխաների համար: 2023թ. վեց եվրոպական երկրներում ամենաբարձր հիվանդացությունը գրանցվել է 10-19 տարեկան դեռահասների շրջանում:

Հարկ է նշել, որ կապույտ հազով հիվանդությունից կամ պատվաստումից հետո ձևավորված անընկալությունը 5-10 տարիների ընթացքում նվազում է, ինչը հանգեցնում է ընկալ բնակչության կուտակմանը և բռնկումների զարգացմանը:

2023թ. կապույտ հազի համաճարակային իրավիճակը բավականին լարված էր աշխարհում, հատկապես՝ Եվրոպական տարածաշրջանում, ինչը շարունակվում է 2024թ-ին, այսպես, 2021թ. արձանագրվել է 1761 դեպք , 2022թ.՝ 4151 դեպք, 2023թ.՝ 25 000 դեպք, 2024թ. առաջին եռամսյակում արդեն՝ 38000 դեպք: Դեպքերի զգալի աճ դիտարկվել է նաև 2016թ. (41 026 դեպք) և 2019թ. (34 468 դեպք):

Հայաստանում նույնպես կապույտ հազի համաճարակային իրավիճակը լարված է վերջին 2 տարիներին՝ 2023թ. արձանագրվել է 50 դեպք (2/100 000), իսկ 2024թ. հունվար - հուլիս ամիսներին՝ 98 (3.3/100 000) դեպք: Դեպքերի գերակշռող մասը դիտվել է մինչև 5 տարեկանների շրջանում: Հայաստանում դեպքերի զգալի աճ է դիտարկվել նաև 2014թ.` 85 դեպք (2.8/100 000), և 2018թ.` 174 դեպք (5.9/100 000), ինչը վկայում է միջինում 5 տարի ինտերվալով հստակ պարբերականության մասին:

Վերջին տարիներին կապույտ հազի հիվանդացության զգալի բարձացումը պայմանավորված է նաև COVID-19 համավարակի ժամանակ պատվաստումների բացթողումներով՝ 2021թ. 24.5 մլն երեխա բաց է թողել դիֆթերիա, փայտացում, կապույտ հազի դեմ պլանային պատվաստումների 3-րդ դեղաչափը (ԱԿԴՓ3), իսկ 2022թ.՝ 20.5 միլիոն երեխա:

Այսպիսով՝ համաճարակաբանական դիտարկումները և կանխատեսումները վկայում են, որ կապույտ հազի իրավիճակը բավականին լարված է Եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Հայաստանում, և դեռևս առաջիկա ամիսներին կա բարձրացման միտում: Վարակի տարածման ռիսկերը կարող են բարձրանալ դպրոցական և նախադպրոցական կազմակերպությունների գործունեության վերսկսման ժամանակ:

Կարևոր է նշել, որ կապույտ հազը պատվաստումներով կանխարգելվող վարակ է: ՀՀ կանխարգելիչ պատվաստումների ազգային օրացույցի համաձայն՝ կապույտ հազի պլանային պատվաստումներն իրականացվում են՝

 6, 12, 18 շաբաթականում՝ ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ պատվաստանյութով

 18 ամսականում և 6 տարեկանում ԱԿԴՓ/ԻՊՊ պատվաստանյութով

 15-16 տարեկանում ՝ ԱԿԴՓ պատվաստանյութով;

Կարևոր է իմանալ, որ Հայաստանում սկսած 2023թ-ից, կապույտ հազի պատվաստումները իրականացվում են նաև հղիների շրջանում՝ 27-36 շաբաթականում, ԱԿԴՓ համակցված պատվաստանյութով; Ապացուցված է, որ այս պատվաստանյութը (ոչ բջջային կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութ) անվտանգ է հղիների համար, ինչպես նաև համարվում է նորածինների ու վաղ մանկական տարիքի երեխաների մոտ կապույտ հազի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը: Այն 85%-ով կնվազեցնի կապույտ հազով հիվանդանալու, իսկ 90%-ով՝ հոսպիտալացման ռիսկը: Հղիների պատվաստումը առաջարկվում է յուրաքանչյուր հղիության ընթացքում: Եթե ընտանիքում հղիություն է պլանավորվում, երեխայի հետ սերտ շփվող ընտանիքի մյուս անդամները նույպես պետք է պատվաստվեն, ովքեր չեն ստացել կապույտ հազի բաղադրիչով ԱՓԴԿ համակցված պատվաստում: 2023թ. դրությամբ եվրոպական 17 երկրներում իրականացվում են կապույտ հազի պատվաստումները հղիների շրջանում:

Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ առաջարկվում է.

 հետևողական լինել պլանային պատվաստումների ժամանակին ստանալու առումով,

 հղիության ընթացքում չխուսափել կապույտ հազի պատվաստումից,

 կապույտ հազի կասկածելի ախտանշանների առկայության դեպքում՝ 7 օր և ավելի կրկնվող, նոպայաձև հազ, ապահովել մեկուսացումը շրջակա մարդկանցից, պահպանել շնչառական հիգիենան (կրել դիմակ) և դիմել բժշկի խորհրդատվության»,-ֆեյսբուքյան էջում գրել է Մուրադյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին