Բաքվում կայացած Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստում քննարկվել են երկկողմ փոխգործակցության առանցքային ասպեկտները։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ամփոփել են համագործակցության արդյունքները, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության և մշակույթի ոլորտներում։
«Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առաջատար տնտեսական գործընկերներից մեկը՝ զբաղեցնելով երրորդ տեղը հանրապետության արտաքին առեւտրում։ Վերջին մեկ տարվա ընթացքում փոխադարձ առևտրի զգալի աճ է գրանցվել, այդ թվում՝ ազգային արժույթով վճարումների աճի հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ։