Կարևոր իրադարձություններ

Ում համար ճանապարհ բացեց Տիգրան Սարգսյանը. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հավանական թեկնածուները

21 Հոկտեմբեր, 2015 18:16
Ում համար ճանապարհ բացեց Տիգրան Սարգսյանը. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հավանական թեկնածուները

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում նշանակումը բազմաթիվ հարցեր առաջացնելուց բացի ստեղծել մի իրավիճակ, երբ պետք է որոշվի թե ով է նրան փոխարինելու ԱՄՆ-ում: 2016-ի փետրվարի 1-ից Հայաստանի դեսպանի պաշտոնը ԱՄՆ-ում թափուր կմնա, եթե շուտափույթ չվորոշվի թե ով և ինչու է մեկնելու օվկիանոսից այն կողմ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի գայթակղիչ ու հեռանկարային պաշտոնը շատերին կարող է ձգել, բայց, ինչպես ասում են, աթոռը մեկն է… Սարգսյանին փոխարինողների թեկնածուների շարքում ամենահավանականը ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանն է: Հենց նրա անունն է ամենից շատ շրջանառվում ԱՄՆ հավանական մեկնողների և այնտեղ դեսպանի կարևոր պաշտոնը զբաղեցնողների հարցում: Այս համատեքստում ամենածանրակշիռ փաստարկներից մեկն այն է, որ իշխանության վերևներում արդեն կա համապատասխան պայմանավորվածություն, ըստ որի, սահմանադրական հանրաքվեի անցկացնելուց հետո ԿԳՆ-ի պորտֆելը հատկացվելու է ՀՅԴ-ին: Փաստարկներից մեկն էլ այն է, որ Աշոտյանը Սերժ Սարգսյանի սիրելի նախարարն է, հետևաբար բնական է, որ նրան համակարգից դուրս չեն թողնի:

Սակայն, մինչ ամենատարբեր օղակներում քննարկվում է Աշոտյանի մեկնել-չմեկնելու հարցը, նա, իրեն հատուկ ոճով, մամուլի հրապարակումներին արաձագանքում է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:
Դիմելով ֆեյսբուքահայությանը, Աշոտյանը մասնավորապես նշել է, որ շարունակում եմ աշխատել որպես ԿԳ նախարար և խնդրել այդ թեմայով հարցեր չտալ:
Նրա խոսքով, հայ մամուլի պարադոքս է. որքան հաճախ են գրում նրա՝ դեսպան դառնալու մասին, այդքան ավելի երկար է ինքը աշխատում կրթության և գիտության նախարար: Թե որքանով Աշոտյանի մասով այս անգամ կիրականան մամուլի կանխատեսումները ցույց կտա ժամանակը:

Ի դեպ, արդեն տեղեկություններ են տարածվել, որ դեսպանի պաշտոնի շուրջ թեժ կրքեր են բորբոքվել նաև ԱԳ փոխնախարարների միջև։ Պաշտոնին հավակնող թեկնածուներից են Աշոտ Հովակիմյանը և Կարեն Նազարյանը։  Նշենք, որ և՛ Հովակիմյանը, և՛ Նազարյանը տարբեր ժամանակահատվածներում եղել են դեսպան: Մասնավորապես Հովակիմյանը 1999-2006 թթ. եղել է Լեհաստանում, 2006-2011 թթ. Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում, Սլովակիայում ՀՀ դեսպան, 2008-2011 թթ.՝ ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Կարեն Նազարյանը եղել է 2005-2009 թթ. Իրանում ՀՀ դեսպան և 1996– 2014թթ.՝ ընդմիջումներով, ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ: Մեզ չհաջողվեց ճշտել, թե ինչպիսի տրամադրություններ կան այս առումով ԱԳՆ-ում, քանի որ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը չէր պատասխանում հեռախոսազանգերին: Թե որ նախարարության ներկայացուցչին բախտ կվիճակվի դառնալ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան և թե ում համար ճանապարհ բացեց Տիգրան Սարգսյանը, պարզ կդառնա միայն մոտ ժամանակներս:

 

Լրահոս

Դիտել ավելին