Կարևոր իրադարձություններ

«Յուվեցի Կարոյի» փեսան դատապարտվեց 6 ու կես տարվա ազատազրկման

21 Հոկտեմբեր, 2015 18:11
«Յուվեցի Կարոյի» փեսան դատապարտվեց 6 ու կես տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Վերնիսաժի» գործով ամբաստանյալ, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա Գոռ Առաքելյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատախազը նրա համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում։

Դատարանը մյուս ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանին դատապարտեց 3 տարվա ազատազրկման` փաստորեն ավելի խիստ պատիժ սահմանելով, քան պահանջել էր դատախազը (երկուսուկես տարի)։

 Ներսես Մելքոնյանին դատարանը ազատազրկեց  2 տարով` ճիշտ այնքան, որքան պահանջել էր դատախազը։

Դատավճռին դահլիճում հավաքված հարազատներն ու ընկերները զուսպ արձագանքեցին, միայն Վալերիկ Հովհաննիսյանի ընկերներից մեկը դժգոհեց. «Տենց լավ չէր, հինգ տարի տայիք»։

Գոր Առաքելյանի աները` պատգամավոր Կարո Կարապետյանը, որը երբեք չի մասնակցել դատական նիստերին, վճռի հրապարակմանը նույնպես ներկա չէր։

Գոռ Առաքելյանի պատժի կրման սկիզբ է համարվում 2014 թ. մայիսից 18-ը, երբ նա ինքնակամ ոստիկանություն ներկայանալուց հետո ձերբակալվեց, Ներսես Մեքոնյանինը`  2014թ. հունիսի 6–ը, Վալերիկ Հովհաննիսյանինը` հունիսի 3–ը։

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել  են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:

Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ, 113 –րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի գործադրմամբ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը):

Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք էր առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն):

 

Լրահոս

Դիտել ավելին