Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակից ուսանողներին

30 Հունիս, 2024 22:31
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակից ուսանողներին

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեցել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երևանի Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակից ուսանողներին՝ գլխավորությամբ ՀԲԸՄ սփյուռքի երիտասարդական ծրագրերի տնօրեն տիկին Գայանե Մանուկյանի։

Հանդիպմանը տիկին Մանուկյանը Նորին Սրբությանը ներկայացրել է ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագիրը, որի շրջանակներում աշխարհասփյուռ հայ երիտասարդները հնարավորություն են ստանում մասնագիտական և գործնական փորձառություն ձեռք բերել հայրենիքում, ինչպես նաև ծանոթանալ հայ մշակույթին և հոգևոր ժառանգությանը։

Ապա ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող նմանատիպ ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում հասակ առած հայորդիները հնարավորություն են ստանում համախմբվելու Հայրենիքում, հարստացնելու իրենց մասնագիտական փորձառությունը և հաղորդ դառնալու հայրենի իրականությանը։ 

Հայոց Հայրապետը վստահություն է հայտնել, որ հակառակ երկրում առկա մարտահրավերների, հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան երիտասարդների համար՝ առավել զորացած վերադառնալու իրենց համայնքներ և շարունակելու իրենց առաքելությունը ազգային կյանքում։

Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորել է երիտասարդներին ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքին, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ, իրենց ձեռք բերած գիտելիքներով օգտակարություն բերել ինչպես տեղի հայ համայնքներին, այնպես էլ՝ հայրենիքի բարօրությանը։ 

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում Եկեղեցու կրթական ծրագրերին, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին