Կարևոր իրադարձություններ

Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների սաները մասնակցել են բերքի տոնին (լուսանկարներ)

21 Հոկտեմբեր, 2015 16:55
Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների սաները մասնակցել են բերքի տոնին (լուսանկարներ)

Երևանի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում ընդհանուր ուսումնական ծրագրին զուգահեռ կիրառվում է ազգային ծեսերի, ժողովրդական երգ ու պարի ուսուցման ծրագիր: Ծեսերի էությունը երեխաներին մատուցվում է մանկական մտածողությանը բնորոշ տարրերով, համապատասխան խաղիկներով, ասացվածքներով ու հանելուկներով: 

Այս անգամ Կենտրոնի մանկապարտեզների սաները Երևանի Սբ Կաթողիկե և Սբ Աննա եկեղեցիների բակում մասնակցել են Բերքի տոնին: Միջոցառումը օրհնանքի խոսքով սկսել է եկեղեցու հոգևոր սպասավոր հայր Ավետիսը: Ծեսի մատուցման ընթացքում մանկապարտեզի սաների մասնակցությամբ ներկայացվել են ավանդապատումներ` հնում հայերի կողմից տոնի անցկացման մասին: Ազգային երգն ու պարը, խաղերը, մասնակիցների գունեղ տարազները, հայկական բերքով ու բարիքով լի զամբյուղները, ծեսին բնորոշ ձևավորումը հայեցի հին ավանդական, օտարամոլությունից զերծ մթնոլորտ էին ստեղծել: Միջոցառմանը ներկա էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ով նշել է, որ նման միջոցառումները նպաստում են երեխաների հայեցի դաստիարակմանը, ծանոթացնում իրենց ակունքներին: Արա Սադոյանը վստահեցրել է, որ նման նախաձեռնությունները Կենտրոն վարչական շրջանում շարունակական բնույթ կկրեն:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին