Կարևոր իրադարձություններ

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում՝ Արարատի 14 դպրոցների մասնակցությամբ (լուսանկարներ)

14 Մայիս, 2024 10:37
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում՝ Արարատի 14 դպրոցների մասնակցությամբ (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում ներկա է եղել Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ 

Ցերեկույթին մասնակցել են Արարարտի մարզի 14 դպրոցներ, որոնցում դասավանդվում է ֆրանսերեն։ 

Դպրոցականները  հյուրերին նախասրահում դիմավորել են երաժշտական կատարումներով և նկարչական աշխատանքների ցուցահանդեսով՝ նվիրված  աշխարհահռչակ շանսոնյեին։

Բեմում՝ ներկայացման ձևաչափով դպրոցների սաները հայերեն և ֆրանսերեն ներկայացրել են դրվագներ Շառլ Ազնավուրի կյանքից և ստեղծագործական  գործունեությունից, հանդես եկել նրա հեղինակած ստեղծագործություններով, ներկայացրել պարային և վոկալ կատարումներ։ 

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ  Կառավարության կողմից ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, և ողջ տարվա ընթացքում Հայաստանում և արտերկրում իրականացվելու են բազմաթիվ միջոցառումներ։ «Անդրադառնալու ենք Շառլ Ազնավուրի ժառանգությանը, այն արժեքներին, որը նա թողել է և, որը մենք պետք է շարունակենք»,- ասել է նախարարը։  Նա ընդգծել է, որ մշտապես ուշադրությամբ է հետևում այն միջոցառումներին, որոնք կազմակերպում են մարզային դպրոցները։ 

«Այնքան կարևոր է, որ մենք խրախուսենք երեխաներին ներկայացնելու իրենց գաղափարներն ու մոտեցումները։ 

Մեծահասակների կողքին երեխաներն իրենց տեսանկյունից պետք է խոսեն իրադարձությունների և մարդկանց մասին, ինչը կօգնի նրանց շարունակել պատմությունը և պահպանել մշակութային ժառանգությունը»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև նախաձեռնության ձևաչափին՝ մեկ գաղափարի շուրջ համախմբված և 14 դպրոցների համատեղ ջանքերով կազմակերպած միջոցառմանը՝ նշելով, որ այս համագործակցությունն արժանի է մեծ գնահատանքի․ «Կարևոր է, որ դպրոցներն աշխատեն միասին, համախմբվեն ընդհանուր գաղափարների շուրջ և իրականացնեն դրանք»։

Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին