Կարևոր իրադարձություններ

Ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ

10 Մայիս, 2024 12:17
Ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ

ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ:

Ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումներն այսուհետ իրականացվելու են 12 առանձին բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերը։

Վերապատրաստման չափորոշչով յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով սահմանվել են հետևյալ չորս մակարդակները. 

ՏԱՐՐԱԿԱՆ - երբ ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է դրսևորել անհրաժեշտ կարողություններ։

ՁԵՌՆԱՀԱՍՈՒԹՅԱՆ - այս մակարդակն իր մեջ ներառում է նաև տարրական մակարդակը. ուսուցիչը գիտի, կիրառում է իր գիտելիքն ու հմտությունները և ստեղծագործաբար մոտենալով՝ կարողանում է լուծումներ գտնել, դրսևորել նշված կարողությունները՝ գործելով ըստ իրավիճակի նպատակահարմարության։

ՏԻՐԱՊԵՏՄԱՆ - ուսուցիչը կարողանում է նաև աջակցել այլ ուսուցիչներին՝ իրենց կարողությունների բարելավման ուղղությամբ՝ հանդես գալով իբրև վերապատրաստող, մենթոր։

ՓՈՐՁԱԳԵՏԻ - ուսուցիչը հանդես է գալիս մանկավարժական գործունեության նոր մոտեցումների մշակման և ներդրման առաջարկություններով, իրականացնում է հետազոտական ակտիվ աշխատանք ինչպես սեփական, այնպես էլ մանկավարժական գործունեության բարելավման ուղղությամբ։

Յուրաքանչյուր հաջորդ մակարդակում ուսուցիչը պետք է տիրապետի նաև նախորդների վերջնարդյունքներին։

Ուսուցիչների մասնագիտական զարգացման վերապատրաստումներն իրականացվում են առկա կամ հիբրիդ կամ հեռավար եղանակով։ Կազմակերպվող ծրագրի իրականացման համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (ակադեմիական ժամ)՝

տարրական և ձեռնահասության մակարդակներ՝ 228 ժամ, որից 90 ժամը հատկացված է առարկայական գիտելիքների զարգացմանը։

տիրապետման մակարդակ՝ 72 ժամ։

փորձագետի մակարդակ՝ 36 ժամ։

Տարրական և ձեռնահասության մակարդակներին համապատասխան իրականացվում է մեկ վերապատրաստում, տիրապետման և փորձագետի մակարդակներին համապատասխան՝ առանձին վերապատրաստումներ։

Ուսուցիչն ինքնագնահատման միջոցով որոշում է, թե վերապատրաստման յուրաքանչյուր բաժնից որ մակարդակի վերապատրաստմանն է ցանկանում մասնակցել։Ուսուցչին գնահատում է նաև տնօրենը, և արդյունքում ձևավորվում է ուսուցչի կարիքը՝ ըստ բաժինների։ Գնահատումն իրականացվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում հարցաթերթիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։

Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի կարիքի գնահատումը:

Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան՝ ուսուցիչը մասնակցում է տվյալ մակարդակի վերապատրաստումներին։

Վերապատրաստող կազմակերպություններն ինքնուրույն են որոշում այն բաժինը (ները), վերապատրաստման մակարդակը և եղանակը, որի վերապատրաստումը ցանկանում են իրականացնել։ 

Մինչև վերապատրաստվողի դպրոցի հետ վերապատրաստման պայմանագիր կնքելը կազմակերպությունը դիմող ուսուցչի համար կազմակերպում է վերապատրաստման մակարդակին վերապատրաստվողի համապատասխանության հայտորոշիչ գրավոր ստուգում։ Այն կազմակերպվում է տիրապետման և փորձագետի մակարդակների ժամանակ՝ տվյալ մակարդակին նախորդող մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան։

Տարրական և ձեռնահասության մակարդակների վերապատրաստումից առաջ հայտորոշիչ աշխատանք չի իրականացվում։

Տիրապետման մակարդակի վերապատրաստումից առաջ իրականացվում է ձեռնահասության մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան հայտորոշիչ աշխատանք։

Փորձագետի մակարդակի վերապատրաստումից առաջ իրականացվում է տիրապետման մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան հայտորոշիչ աշխատանք։

Եթե վերապատրաստվողը չունի նախորդ մակարդակին համապատասխան գիտելիքներ, ապա վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստվողին չի ընդգրկում վերապատրաստվողների ցուցակում և չի կնքում համապատասխան պայմանագիր դպրոցի հետ։

Վերապատրաստման ավարտից հետո վերապատրաստող կազմակերպությունը չի իրականացնում վերապատրաստվողների գիտելիքների ամփոփիչ ստուգում։

Վերապատրաստման ավարտից հետո վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստվողին տալիս է տեղեկանք վերապատրաստման տևողության, վերապատրաստվողի բացակայությունների և վերջնարդյունքներին համապատասխան կարողությունների զարգացման մասին։

Վերապատրաստման ավարտից հետո նախարարության կողմից իրականացվում է վերապատրաստվածների ամփոփիչ արտաքին գնահատում։

Ամփոփիչ արտաքին գնահատման արդյունքների և վերապատրաստման մասին վերապատրաստող կազմակերպության տեղեկանքի հիման վրա վերապատրաստվողը ստանում է համապատասխան կրեդիտ։

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ մեթոդական ուղեցույցը և տեսաբացատրությունը հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=F9M4DuT31cA։ 

Հավելենք, որ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կարգավորվում է հետևյալ իրավական ակտերով՝

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշում,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 168-Ն հրաման, որով  նոր խմբագրությամբ է շարադրվել ուսուցչի մասնագիտական չափանիշների հավելվածը,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 648-Ա/2 հրաման, որով  նոր խմբագրությամբ է շարադրվել ուսուցիչների վերապատրաստման չափորոշչի և օրինակելի ծրագրի հավելվածը։

 

Լրահոս

Դիտել ավելին