Կարևոր իրադարձություններ

Երթի մասնակիցների կողմից խոչընդոտվել է լրագրողի գործունեությունը. օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը և ջարդել. ՔԿ

09 Մայիս, 2024 21:14
Երթի մասնակիցների կողմից խոչընդոտվել է լրագրողի գործունեությունը. օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը և ջարդել. ՔԿ
ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից Երևան քաղաքում, դեպի Հանրապետության Հրապարակ իրականացվող երթի ընթացքում, դրա մասնակից անձանց կողմից խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը։
 
Մասնավորապես, «Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի և օպերատորի կողմից երթն առաջնորդող Բագրատ Գալստանյանի հետ Ամիրյան փողոցի հատվածում ճեպազրույց անցկացնելու ընթացքում վերջինիս աջակիցները օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը և ջարդել, ինչպես նաև խոչընդոտել են Ն․ Իսրայելյանի կողմից իր մասնագիտական աշխատանքի իրականացումը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
 
Հաշվի առնելով, որ ստացված հաղորդման մեջ առկա են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու հանցավոր արարքի հատկանիշներ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցավոր արարքները կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով։
 
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին