Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի և Կոտայքի պատանի հրշեջ-փրկարարները նախապատրաստվում են հանրապետական առաջնությանը

06 Մայիս, 2024 14:33
Գեղարքունիքի և Կոտայքի պատանի հրշեջ-փրկարարները նախապատրաստվում են հանրապետական առաջնությանը

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների կողմից կազմակերպվել և անց են կացվել պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի մարզային առաջնություններ։

Պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի ամենամյա մրցաշարը նպատակ ունի երիտասարդ սերնդի մոտ ձևավորել hասարակական և անձնական անվտանգության հարցերի նկատմամբ պատասխանատվություն, ինչպես նաև գիտակից վերաբերմունք՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ և արագ կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ձեռք բերելու, առողջ ապրելակերպ վարելու, երիտասարդ սերնդի ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությունը զարգացնելու նպատակով։

Գեղարքունիքի մարզում պատանի հրշեջ-փրկարարական մարզաձի մարզային առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել մարզի դպրոցներից 6 թիմեր։ Առաջնության արդյունքում ձևավորվեց 1 մարզային թիմ, որը հնարավորություն ստացավ մասնակցելու մարզաձևի հանրապետական առաջնությանը։

ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի Կոտայքի մարզային առաջնությանը մասնակցել են մարզում առկա դպրոցներից թվով 23 թիմ: Համառ մրցակցության արդյունքում լավագույն ցուցանիշներ գրանցած 4 թիմեր Աբովյանի քաղաքային մարզադաշտում մասնակցել են մարզային առաջնության եզրափակիչ փուլին:

Կոտայքի մարզային առաջնության հաղթող է ճանաչվել Ակունքի միջնակարգ դպրոցի հավաքական թիմը։ Երկրորդ տեղը զբաղեցրել են Հրազդանի թիվ 11 հիմնական և Սոլակի միջնակարգ դպրոցների թիմերը, իսկ երրորդ տեղը՝ Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցի հավաքական թիմը։

Հաղթող թիմերից լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներն արդեն մարզային հավաքական թիմի կազմում կմասնակցեն առաջնության հանրապետական փուլին և ուժերը կփորձեն հանրապետական մրցաշարի շրջանակներում։

Նշենք, որ պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի մրցաշարի հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի 17-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային մարզադաշտում, որտեղ ուժերը կփորձեն մարզային և Երևան քաղաքի մարզական առաջնությունները հաղթահարած լավագույն հավաքական թիմերը։

 

Լրահոս

Դիտել ավելին