Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզային փրկարարական վարչություններն անցկացրել են ուսումնավարժանքներ, դասախոսություններ և սեմինարներ

02 Մայիս, 2024 17:28
Տավուշի մարզային փրկարարական վարչություններն անցկացրել են  ուսումնավարժանքներ, դասախոսություններ և սեմինարներ

Ապրիլ ամսվա ընթացքում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունները կազմակերպել և անց են կացրել ուսումնավարժություններ, դասախոսություններ, սեմինարներ, որոնց նպատակն էր ապահովել և բարձրացնել բնակչության պաշտպանությունը, պատրաստվածությունը, ինչպես նաև ուսուցանել արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոնները։

Փրկարարական ծառայողների կողմից շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել Արմավիրի մարզի Խոյ և Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքներում՝ համապատասխանաբար «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը» և «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմաներով:

Ուսումնավարժանքների նպատակն էր կատարելագործել համայնքների ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման, որոշումների ընդունման, արտակարգ իրավիճակների առաջացման (սպառնալիքի) և հետևանքների վերացման գործում, ինչպես նաև ապահովել ուժերի պատրաստականությունն աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում, զարգացնել ուսումնավարժություններում ընդգրկված մարմինների ունակությունները փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպման ընթացքում:

Միևնույն ժամանակ Տավուշի ՄՓՎ աշխատանքային խումբը մասնակցություն է ունեցել Դիլիջանի համայնքապետարանի կողմից անցկացված «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը խոշոր անտառային հրդեհների դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժությանը, որին մասնակցել են Դիլիջան համայնքի ղեկավար կազմը, բնակավայրերի վարչական ղեկավարները և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ներկայացուցիչներ։

Շտաբային ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել Դիլիջան համայնքի ղեկավար կազմի ունակություններն անտառային հրդեհների ժամանակ բնակչության պաշտպանության միջոցառումների և տարհանման աշխատանքների իրականացման ժամանակ։

Շարունակելով ուսումնավարժությունների շարքը՝ մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզում անց են կացվել «Հրդեհաշիջման աշխատանքները նախադպրոցական ուսումնական հաստատությունում», Վայոց ձորի մարզի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Վայոց ձոր» ԳԳՄ Եղեգնաձորի տարածքային տեղամասում՝ «Գազի արտահոսք բազմաբնակարան շենքի աստիճանավանդակում՝ հրդեհի բռնկմամբ» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց նպատակն էր կատարելագործել ուսումնավարժություններում ընդգրկված ուժերի գործնական հմտությունները, ինչպես նաև արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը վթարի հետևանքների վերացման և հրդեհաշիջման ժամանակ:

Վայոց ձորի Արենի համայնքի Խաչիկ, Վայք համայնքի Գոմք և Ազատեկ բնակավայրերում և վերջիններիս միջնակարգ դպրոցներում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր, Ներքին Ծաղկավան և Դիլիջան համայնքի Թեղուտ, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ և Հովտամեջ բնակավայրերում անց են կացվել «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ, որոնց շրջանակներում գործարկվել են էլեկտրական շչակներ, կազմակերպվել է պատսպարում, ուսուցանվողներին ներկայացվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և երկրաշարժի ժամանակ բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները, բաժանվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ իրազեկման թերթիկներ:

«Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները», «Բնակչության տարհանման կազմակերպումը» և «Հրդեհային անվտանգության կանոնները» թեմաներով դասընթացներ են կազմակերպվել և անցկացվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ 5, թիվ 6 հիմնական, Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 հիմնական, Բերդ համայնքի Վարագավան և Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրերի միջնակարգ դպրոցներում, «Նոյեմբերյան քաղաքի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, Արմավիրի մարզի Արգինայի, Պտղունքի, Մուսալեռի, Նորավանի, Ալաշկերտի, Շենիկի, Արևաշատի, Շահումյանի, Արմավիրի, Հայկավանի, Արազափի, Փշատավանի, Մրգաստանի, Դաշտի և Վանանդի միջնակարգ դպրոցներում:

Սեմինարների ընթացքում փրկարարական ծառայողների կողմից ներկայացվել են երկրաշարժի հետևանքով առաջացող վնասների և ավերածությունների, երկրաշարժի ժամանակ վարքականոնների, ինչպես նաև երկրաշարժից հետո օգնության կանչի և արտակարգ իրավիճակներում փրկարարական գործողությունների կազմակերպման, հրդեհների առաջացման հիմնական պատճառների, հրդեհաշիջման առաջնային միջոցների ու դրանցից օգտվելու կանոնների վերաբերյալ դասախոսություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին