Կարևոր իրադարձություններ

Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն»-ը կսերտացնեն համագործակցությունը

29 Ապրիլ, 2024 23:10
Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն»-ը կսերտացնեն համագործակցությունը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին։

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում համագործակցության հարցեր։

Կոմիտեի ղեկավարը կարևորել է հիմնադրամի փորձը՝ վերհանելու համար խոչընդոտները, որոնց բախվում են ներդրողները քաղաքաշինության բնագավառում և պատրաստակամություն հայտնել համագործակցելու ներդրումային դաշտի բարելավմանը նպաստող նախաձեռնություններում։ Նա տեղեկացրել է արդեն իսկ նախանշված աշխատանքների մասին, որոնց արդյունքում կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները ինչպես խոշոր ներդրողների, այնպես էլ քաղաքացիների համար։

Լևոն Օհանեսյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործունեությունը, կոմիտեի հետ արդյունավետ գործակցության փորձը և վստահություն հայտնել, որ ձևավորված գործընկային փոխհարաբերությունները նոր լիցք կստանան։ Նա անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդրողների համար մշակվող էլեկտրոնային հարթակին։ Այդ համատեքստում դիտարկվել է կոմիտեի նախաձեռնությամբ քաղաքաշինական թվային կադաստր ձևավորելու դեպքում համակարգերի ինտեգրման հնարավորությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ աշխատանքը՝ նպաստելու քաղաքաշինության բնագավառում ներդրումային դաշտի բարելավմանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին