Կարևոր իրադարձություններ

Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի. Ալեն Սիմոնյան

24 Ապրիլ, 2024 13:47
Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ և անդառնալի կորուստներ:

Ցավոք, բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում` հայերի համար սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը:

Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսեւորում:

Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի ու վերանա ժողովրդավարության, օրենքի գերակայության, պետականության եւ պետությունների ինքնիշխանության ճանաչման ու ազգային ամուր մտածողության շնորհիվ:

Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու՝ իբրև ինքնիշխան պետություն, որն ի զորու է պաշտպանել սեփական ազգային շահերն իր մտածողությամբ, կրթվածությամբ և ստեղծարար աշխատանքով:

Ցավը և վիշտը, որոնք կան յուրաքանչյուր հայի սրտում, պետք է վերածվեն մեր ազգային պետականության կենսական շահերի պաշտպանության և սեփական ճակատագրի առջև պատասխանատվության:

Խաղաղությո՛ւն մեր անմեղ նահատակների հոգիներին:

 

Լրահոս

Դիտել ավելին