Կարևոր իրադարձություններ

Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների քանի դեպք է արձանագրվել. եռամսյակային զեկույց

23 Ապրիլ, 2024 19:08
Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների քանի դեպք է արձանագրվել. եռամսյակային զեկույց

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2024թ․ առաջին եռամսյակում արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 41 դեպք։ Դիտարկված ժամանակահատվածի դրական առանձնահատկություններից է այն, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք տեղի չի ունեցել։ Թերևս սա պայմանավորված է նաև հունվար-մարտ ամիսներին երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի հարաբերական հանդարտությամբ. սովորաբար զանգվածային ցույցերն ու բողոքի ակցիաները զուգորդվում են տարատեսակ բախումներով, որոնց ընթացքում հարձակման թիրախ են դառնում նաև լրագրողներն ու օպերատորները։

Ի տարբերություն ֆիզիկական բռնությունների, աճել է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական հայցերի հոսքը։ Առաջին եռամսյակի ընթացքում ներկայացվել է այդպիսի 12 նոր հայց, ինչը 3-ով ավելի է, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվածը։ Այդ 12 դատական հայցերից 5-ը՝ պետական պաշտոնյաների, 6-ը՝ գործարար շրջանակների կողմից են, 1-ը՝ շարքային քաղաքացու։

Արձանագրված ճնշումների վերոնշյալ 17 դեպքերը դրսևորվել են նաև լրագրողների ու օպերատորների հանդեպ անվայելուչ վերաբերմունքով, օնլայն տիրույթում վիրավորանքներով ու սպառնալիքներով, օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։
           

Ինչ վերաբերում է հունվար–մարտ ամիսներին գրանցված տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի 41 խախտումներին, ապա թեև սա 7-ով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այդուհանդերձ, իրավիճակը մտահոգիչ է մնում։ Լրատվամիջոցները պետական մարմիններից պաշտոնական տվյալներ հայցելիս շարունակում են բախվել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են անհիմն մերժումները, պատասխանների տրամադրման անհարկի ձգձգումները և օրենքով նախատեսված ժամկետների և կարգի խախտումները, հարցերի էությանը չհամապատասխանող կամ դրանք շրջանցող, զուտ ձևական արձագանքները։   

           

2023-2024 թթ. առաջին եռամսյակների խախտումների քանակական տվյալները

Խախտումներիտեսակները

2023թ. 1-ին եռամսյակ

 

2024թ. 1-ին եռամսյակ

 

Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ

0

0

Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ

17

17

Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ

48

41

 

2023-2024 թթ. առաջին եռամսյակների ընթացքում ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործեր

Դատական գործերի տեսակները

2023թ. 1-ին եռամսյակ

2024թ. 1-ին եռամսյակ

Վիրավորանքի և զրպարտության հիմքով

9

12

Այլ վեճեր

0

0


            Պաշտոնական տեղեկությունների մատչելիությունը ապահովելու տեսակետից հատկապես ուշագրավ էր գործադիր իշխանության նախաձեռնությունը փոփոխելու և արդիականացնելու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։ Դրա նոր նախագիծը, որը մշակել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, թեև նախատեսում էր այս ոլորտում առավելագույնս կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները, ինչը, անշուշտ, դրական մոտեցում է, բայց բուն տեղեկատվության ազատության իրավունքի առումով փորձագիտական շրջանակներում սուր քննադատության արժանացավ և գնահատվեց որպես հետընթաց գործող օրենքի համեմատ։ Արդյունքում նախարարությունը վերափոխեց օրինագիծը և պատրաստեց մի փաթեթ, որի հիմքում «Հանրային տեղեկությունների մասին» նոր օրենքի նախագիծն է։

Սա զուգորդվում է հարակից մի շարք օրենքներում, այդ թվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների նախագծերով։ Փետրվարի 26-ից մարտի 12-ն այդ փաթեթը տեղադրվեց պաշտոնական e-draft.am կայքում։ Մասնագիտական քննարկումներն այս ուղղությամբ շարունակվում են։

Առաջին եռամսյակում լրամշակվեց ու Կառավարությանը ներկայացվեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և դրան հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը։ Այդ աշխատանքներն իրականացվում էին 2022 թվականի ապրիլին ընդունված եռակողմ Համագործակցության հուշագրի հիման վրա, որը ստորագրել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն՝ գործընկեր 10 լրագրողական հասարակական կազմակերպությունների անունից։

Նախատեսվող փոփոխությունները միտված են որակյալ լրագրության տարածմանը՝ խրախուսելով մասնագիտական էթիկայի նորմերի հիման վրա ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի կայացումն ու զարգացումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին