Կարևոր իրադարձություններ

Գիտությունների ազգային ակադեմիան ամփոփել է 2023 թ. գործունեության հիմնական արդյունքները (լուսանկարներ)

23 Ապրիլ, 2024 16:56
Գիտությունների ազգային ակադեմիան ամփոփել է 2023 թ. գործունեության հիմնական արդյունքները (լուսանկարներ)

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ակադեմիայի նախագահության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, գիտական հանրույթի ներկայացուցիչներ:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրել է ակադեմիայի և համակարգի կազմակերպությունների 2023թ. գործունեության հիմնական ուղղություններն ու արձանագրված արդյունքները:

Աշոտ Սաղյանը տեղեկացրել է՝ 2024թ. հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ համակարգում աշխատում է 3522 մարդ, որոնցից 2239-ը կամ ընդհանուրի 63.6%-ը գիտական աշխատողներ են: Գիտական աշխատողներից 1305-ը (58.3%) ունեն գիտական աստիճան, որից 277-ը՝ գիտությունների դոկտորի, իսկ 1028-ը՝ թեկնածուի: Ընդ որում՝ ակադեմիայի աշխատողների 53.7%-ը և գիտաշխատողների 54.3%-ը կանայք են։

Նրա խոսքով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներկայում ուսուցանում են 68 ասպիրանտներ, որոնցից 21-ն ընդունվել է 2023թ.-ին: 2023թ.ին տպագրվել է 1528 հոդված գրախոսվող գիտական ամսագրերում, որից 670-ը՝ արտասահմանում, հրապարակվել են 171 մենագրություն և ժողովածու, որից 19-ը՝ արտասահմանում։

«Ընդհանուր առմամբ՝ 2022թ.-ի համեմատ 2023թ.-ին նկատվում է հրապարակումների 3-5% աճ։ Արտասահմանյան ամսագրերի հրապարակումների թվով ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների, բնական գիտությունների, քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքների շրջանում հրապարակումներն ավելացել են, իսկ հայագիտության և սոցիալական գիտությունների բնագավառների համար հրապարակումների թիվը նախորդ երկու տարիների համեմատ մնացել է նույնը»,- ասել է Աշոտ Սաղյանը:

ԳԱԱ նախագահը նշել է՝ 2023թ. շարունակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից իրականացվող գիտության ոլորտի ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման ծրագիրը։ Մասնավորապես՝ ԳԱԱ կազմակերպությունների կողմից 2023թ. ձեռք են բերվել շուրջ 4 մլրդ դրամ արժողությամբ սարքեր/սարքավորումներ, իսկ 2019-23թթ. ընթացքում կազմակերպված մրցույթների արդյունքում ԳԱԱ համակարգի կազմակերպություններին տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին՝ 147 սարքավորումներ:

2023 թվականին ԳԱԱ-ն շարունակել է միջազգային համագործակցությունն արտասահմանյան գիտական կառույցների և գիտությունների ակադեմիաների հետ: Մասնավորապես՝ ստորագրվել են գիտական համագործակցության պայմանագրեր Չեռնոգորիայի, Մոլդովայի, Իրանի, Չինաստանի գիտությունների ակադեմիաների հետ։

Անդրադառնալով ոլորտի ֆինանսավորմանը՝ Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ ակադեմիայի ֆինանսավորման ընդհանուր ծավալներն աճել են 54%-ով։ Նրա խոսքով՝ եթե համեմատենք 2019 և 2023թ. տվյալները, ապա բազային ֆինանսավորումն ավելացել է 35%-ով, թեմատիկ ֆինանսավորումը` 460%-ով, բյուջետային այլ մուտքերը` 41%-ով, իսկ նպատակային ծրագրայինը նվազել է 37%-ով։

Տարեկան ժողովի ընթացքում զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ շեշտելով, որ գիտության ոլորտի պետական ֆինանսավորումը շեշտակի աճել է:

«ՀՀ կառավարությունը, իշխանության ներկայացուցիչներն իրենց հիմնական նպատակը և գերխնդիրը համարում են գիտության և կրթության զարգացմանն առավելագույն կերպով նպաստելը։ ԳԱԱ-ում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները հուշում են, որ հաստատության հիմնական նպատակն ավելի կիրառական մասնակցություն ունենալն է այսօրվա տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններում»,- ասել է ՀՀ նախագահը։

ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել ակադեմիական քաղաքի կառուցման նախագծին:

 

Լրահոս

Դիտել ավելին