Կարևոր իրադարձություններ

«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպություն կստեղծվի

18 Ապրիլ, 2024 15:37
«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպություն կստեղծվի

Տեղեկացնում ենք, որ պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը (ԴՀԽ): Կազմակերպության նպատակներն ու գործունեության գլխավոր ուղղություններն են. արտաքին քաղաքականության այլընտրանքային օրակարգի առաջադրումը, համազգային և պետական նպատակների շուրջ համախմբող հարթակի ստեղծումը՝ պաշտպանելու և առաջ մղելու համար Հայաստանի Հանրապետության և Հայկական աշխարհի շահերը, հետևողական անդրադարձն արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերին, ներառյալ՝ - Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, - Արցախի հիմնախնդրի արդար և համապարփակ կարգավորումը, - հայ պատանդների ու ռազմագերիների ազատ արձակման հարցը։

Հայաստանյան և համահայկական շահագրգիռ հաստատությունների, ինչպես նաև փորձագիտական համայնքների հետ համագործակցությունը՝ համաշխարհային և տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները մասնագիտորեն վերլուծելու և դրանցից բխող զարգացումները կանխատեսելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով: ԴՀԽ-ն բաց է գործակցելու դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական խմբերի, ուղեղային կենտրոնների, հայաստանյան հասարակական և քաղաքական շրջանակների հետ։ «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիրների ասուլիսը կկայանա ապրիլի 22-ին, ժամը 11-ին, “Օպերա Սյուիթ” հյուրանոցում, հասցեն՝ Լեմկինի 1: «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիրներ

 

Լրահոս

Դիտել ավելին