«Փաստ» օրաթերթը գրում է.
«Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2002 թ. հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ: Նշվում է, որ ներկայում նախարարության կողմից փուլ առ փուլ ուսումնասիրվում են կառավարության նշված որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները: Ուսումնասիրության նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացին, հանել արդեն իսկ ոչ արդիական պահանջները և ներառել նորագույն և արդյունավետ սարքավորումներ, ինչպես նաև վերանայել կադրային պահանջները՝ ներկայիս կրթական ծրագրերին համապատասխան:
Կառավարության 2002 թ.-ի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է վերանայել և արդիականացնել բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև կադրային պահանջները:
Այս նախագծով վերանայվում և արդիականացվում են բժշկական օգնության և սպասարկման մեծերի ու մանկական սրտաբանական տեսակներով հիվանդանոցային և արտահիվանդանոցային, սրտային վիրաբուժական, ինտերվենցիոն սրտաբանական, ինտերվենցիոն առիթմոլոգիական տեսակներով հիվանդանոցային պայմաններում, անոթային վիրաբուժական տեսակով հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև կադրային պահանջները, նշված տեսակներով ցերեկային ստացիոնար պայմաններում գործունեության իրականացման համար նախատեսվում են սահմանափակումներ: Նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: