Կարևոր իրադարձություններ

Արդեն մեկ դարից ավելի, հայ ոստիկանը առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության. Արամ Հովհաննիսյան

16 Ապրիլ, 2024 12:04
Արդեն մեկ դարից ավելի, հայ ոստիկանը առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության. Արամ Հովհաննիսյան

ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ.

Սիրելի՛ ոստիկաններ,
Հայոց պետականության վերահաստատման առաջին իսկ օրից՝ արդեն մեկ դարից ավելի, հայ ոստիկանը առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության, հանուն հասարակական կարգի պահպանման, հանուն ժողովրդի անվտանգության ու բարօրության: Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը:

Ոստիկանությունը ժամանակի հրամայականին ընդառաջ մշտապես կատարելագործվել, նորացվել ու արդիականացվել է: Իսկ այսօր արդեն համընդգրկուն, արմատական բարեփոխումների փուլում է, որի նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, արհեստավարժ ու բարեվարք, տեխնիկապես հագեցած ոստիկանություն ունենալն է, և մենք պատվով ու հետևողականությամբ ենք անցնում այդ ճանապարհը։ Մենք նոր որակով ու պատրաստվածությանբ ենք իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին։

Այդ սկզբունքով է զարգանալու նոր Ոստիկանությունը իր հենասյունային չորս ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Համայնքային ոստիկանություն և Ոստիկանության գվարդիա։

Սիրելի՛ ոստիկաններ, մեր մասնագիտական տոնի առթիվ ցանկանում եմ երախտիքս հայտնել ձեզնից յուրաքանչյուրին:

Շնորհակալությու՛ն օպերատիվ ստորաբաժանումների ծառայողներին, որոնք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են:

Շնորհակալությու՛ն արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցներին. հատկապես նրանց ծառայության որակով է հասարակությունը գնահատում ոստիկանությանը:

Շնորհակալությու՛ն Ոստիկանության զորքերի ծառայողներին, որոնք հարկ եղած դեպքում նաև մարտական առաջադրանք են կատարում մեր երկրի սահմանին:

Շնորհակալությու՛ն ոստիկանության վետերաններին:

Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին:

Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն:

 

Լրահոս

Դիտել ավելին