Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի նախագահին (լուսանկարներ)

15 Ապրիլ, 2024 16:44
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի նախագահին (լուսանկարներ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով Ղազախստանի նախագահին Ազգային ժողովում, համերաշխություն է հայտնել բարեկամ ղազախ ժողովրդին ջրհեղեղի արհավիրքի դեմ պայքարում:

«Պարո՛ն նախագահ, Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարեւոր քայլ է մեր երկու երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար: Կցանկանայի նշել Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերում՝ հատկապես ընդգծելով համագործակցությունը միջխորհրդարանական հարթակներում»,- ասել է ԱԺ նախագահը:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջեւ 25-ամյա բարեկամության ու համագործակցության պայմանագրի վրա հիմնված հարաբերությունները՝ ընդգծելով տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտները: Ղազախստանի նախագահը կարեւորել է խորհրդարանների միջեւ ակտիվ փոխգործակցությունը՝ ընդգծելով խորհրդարանի դերը հայ-ղազախական համաձայնագրերի վավերացման գործընթացում:

Ալեն Սիմոնյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ կարեւորելով Ղազախստանի աջակցությունն ու մասնակցությունը ծրագրի իրականացման հարցում:

««Խաղաղության խաչմերուկն» առանցքային դերակատարում ունի Հարավային Կովկասում անվտանգության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր երկրների համար առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցում»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայ-ղազախական երկկողմ եւ բազմակողմ առեւտրատնտեսական, մշակութային ու քաղաքական փոխգործակցության սերտացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այցելել են Մատենադարան, որտեղ Ղազախստանի նախագահին են ներկայացվել թանգարանում պահվող հայերեն և օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը:

«Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերը միջմշակութային համագործակցության խորհրդանիշներ են և հիշեցնում են մեզ երկարամյա կապերի մասին, որոնք գոյություն են ունեցել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս»,- նշել է ԱԺ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին