Կարևոր իրադարձություններ

Կգործարկվի ՀՀ բուհերում օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային համակարգ

10 Ապրիլ, 2024 16:45
Կգործարկվի ՀՀ բուհերում օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային համակարգ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի շահագործմամբ և այդ նպատակով համապատասխան օրենսդրական պայմանների ապահովմամբ:

Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է.

ներդնել օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային dev-fs.amis.am համակարգը, որի նպատակն է դյուրացնել դիմումների և փաստաթղթերի ներկայացման, դիմորդների անձնական գործը վարելու և հաշվառելու ընթացակարգերը,

իրականացնել օտարերկրյա դիմորդների ընդունելությունը ՀՀ ուսումնական հաստատություններ տվյալ մասնագիտության գծով լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի շրջանակում, որի նպատակն է բարձրացնել օտարերկրյա դիմորդների ընդունելության կազմակերպման արդյունավետությունը,

ներառել օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ցանկում առողջության ապահովագրության փաստաթուղթ, որի նպատակն է առողջապահական ծառայությունները դարձնել հասանելի և մատչելի՝ անկախ բնակության վայրից, ազգային պատկանելիությունից և քաղաքացիությունից,

ներկայացնել սփյուռքահայերի ծննդյան կամ մկրտության վկայականը, ինչպես նաև կրթական աստիճանի ավարտական փաստաթուղթը նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում՝ նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ), որի նպատակն է դյուրացնել փաստաթղթերի հաշվառման գործընթացը,

ապահովել ուսումնական հաստատության կողմից օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի՝ բանկային հաշվեհամար ունենալու և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով կատարումը, որի նպատակն է բարձրացնել անկանխիկ վճարային գործարքների թափանցիկությունը:

Օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային dev-fs.amis.am համակարգի կիրառումը հնարավորություն կընձեռի օտարերկրյա դիմորդներին ներգրավել ՀՀ ուսումնական հաստատություններ, ընդլայնել աշխարհագրությունը և ավելացնել օտարերկրյա ուսանողների թվաքանակը: Նույն համակարգում ՀՀ ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկությունը օտարերկրացիների համար գրավիչ կդարձնեն հայաստանյան բուհերը և տեսանելի կդարձնեն դրանց կողմից առաջարկվող ծառայությունները (կրթական աստիճաններ, մասնագիտություններ, ուսուցման եղանակներ և լեզուներ, ուսման վարձավճարներ և այլն): Արդյունքում՝ կբարձրանա ՀՀ կրթական համակարգի միջազգային գրավչությունն ու հեղինակությունը:

Քաղաքացիները և շահառու խմբերը կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները մինչև ապրիլի 20-ը ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին