Կարևոր իրադարձություններ

Հայտնի են տղամարդկանց վոլեյբոլի «Պրո Լիգա 2023-2024» առաջնության հաղթողները (լուսանկարներ)

09 Ապրիլ, 2024 17:39
Հայտնի են տղամարդկանց վոլեյբոլի «Պրո Լիգա 2023-2024» առաջնության հաղթողները (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 5-7-ը Երևանի «Գազպրոմ Արմենիայի» Ուսումնա-սպորտային համալիրի մարզադահլիճում կայացել են Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2023-2024» առաջնության եզրափակիչ՝ չորրորդ փուլի հանդիպումները։

Տղամարդկանց վոլեյբոլի «Պրո Լիգա 2023-2024» առաջնությունը մեկնարկել էր դեռ 2023 թվականի ապրիլին և անցկացվել էր երեք փուլով՝ Երևան և Գյումրի քաղաքներում։

Եզրափակիչ փուլի մասնակից 3 թիմեր ունեցել են գրեթե հավասար միավորներ, և միայն չորրորդ փուլում են որոշվել լիգայի մրցանակային տեղերը։ Մինչ եզրափակիչ փուլի մեկնարկը՝ ԲԿՄԱ-ն ունեցել է 37, ՖԻՄԱ-ն՝ 36, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը (ՄՍՀԿ)՝ 35, իսկ «Գյումրին»՝ 16 միավոր:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ ԲԿՄԱ, ՖԻՄԱ և ՄՍՀԿ թիմերի միջև եզրափակիչ հանդիպումներն անցել են գերլարված պայքարում. երեք թիմերին չի զիջել նաև երիտասարդ մարզիկներով համալրված «Գյումրի» թիմը։

Կարեն Ասմարյանը նաև տեղեկացրել է՝ «Պրո Լիգա 2023-2024» առաջնության եզրափակիչ հանդիպումներում ֆեդերացիայի կողմից առաջին անգամ կիրառվել է VAR համակարգը, որը վիճահարույց դրվագներում օգնել է մրցավարներին։ Ի վերջո, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը (ՄՍՀԿ), հաղթելով բոլոր երեք մրցակիցներին, հռչակվել է լիգայի չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ՖԻՄԱ թիմը, երրորդ տեղը՝ ԲԿՄԱ-ն, իսկ լավագույն քառյակը եզրափակել է «Գյումրին»։

«Պրո Լիգա 2023-2024» առաջնությունում մրցանակային տեղեր գրաված թիմերը ՀՎՖ կողմից պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, իսկ լավագույն վեց մարզիկները պարգևատրվել են ՀՎՖ մրցանակներով։ Լիգայի լավագույն խաղացողներ են ճանաչվել Կարեն Խալաթյանը (ՄՍԿՀ), Անդրանիկ Մոսոյանը (ԲԿՄԱ), Վահե Նազարյանը (ՄՍԿՀ), Կարեն Տիգրանյանը («Գյումրի»), Արամ Մելքոնյանը (ՖԻՄԱ), Արտյում Սլադուխինը (ՄՍԿՀ):

Արդեն այս շաբաթ Երևանում մեկնարկում է «Պրո Լիգայի 2023-2024» կանանց առաջնության եզրափակիչ փուլը։

 

Լրահոս

Դիտել ավելին