Կարևոր իրադարձություններ

Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը Սյունիքի դատարանում նշանակվելուց հետո հետ է գործուղվել Երևան. ի՞նչ են պարզաբանել ԲԴԽ-ից. «Փաստ»

30 Մարտ, 2024 09:15
Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը Սյունիքի դատարանում նշանակվելուց հետո հետ է գործուղվել Երևան. ի՞նչ են պարզաբանել ԲԴԽ-ից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախորդ համարում հրապարակել էինք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի դատաքննությունն իրականացնող դատավոր Արթուր Մկրտչյանը առաջիկա ամիսներին կփոխատեղվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և նրան այդ գործով կփոխարինի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Տեղեկացրել էինք, որ թեմայի հետ կապված նաև գրավոր հարցում ենք ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ:

Եվ ահա, Դատական դեպարտամենտից ստացել ենք պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև. «Բարձրագույն դատական խորհրդի 20.03.2024 թվականի թիվ ԲԴԽ-281-65 որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի կողմից ներկայացված պաշտոնների փոխանակման վերաբերյալ պատճառաբանված դիմումները: Դիմումներում ներկայացված պատճառաբանությունները պարունակում են դատավորների անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տեղեկություններ:

Դատավոր Արթուր Մկրտչյանին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու հարցը Բարձրագույն դատական խորհրդի կողմից չի քննարկվել, քանի որ վերջինս, դիմելով Բարձրագույն դատական խորհրդին, խնդրել է քննարկել իր և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի պաշտոնների փոխանակման հարցը։

Բարձրագույն դատական խորհուրդը 20.03.2024 թվականին հրավիրված դռնփակ նիստում ուսումնասիրել է ներկայացված դիմումները և անցկացրել է խորհրդակցական սենյակում բաց քվեարկություն: Խորհրդակցական սենյակում անցկացված քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կողմից ներկայացված պաշտոնների փոխանակման պատճառները համարելով հիմնավոր, որոշում է կայացրել պաշտոնների փոխանակման դիմումները բավարարել:

Բացի այդ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհրդի 26.03.2024 թվականի թիվ ԲԴԽ-31-Ո-72 որոշմամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը գործուղվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ շարունակելով քննել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը»:

 

Լրահոս

Դիտել ավելին