Կարևոր իրադարձություններ

Հայ պատանի թենիսիստներն արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում (լուսանկարներ)

14 Մարտ, 2024 14:10
Հայ պատանի թենիսիստներն արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում (լուսանկարներ)

Հայաստանի թենիսի պատանեկան հավաքականի անդամներ Առնո Ավետիսյանն ու Խաչատուր Ավետիսյանը երկրորդ տեղն են զբաղեցրել Թուրքիայի Անթալիա քաղաքումանցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում:

Նույն տարիքային խմբում Մարիա Ազիզյանն ու Գայանե Բզնունին զուգախաղում հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ սակայն պարտություն են կրել:

Հայ պատանի թենիսիստներն առաջնությանը մասնակցել են մարզիչ Միքայել Ավետիսյանի գլխավորությամբ:

Մ12 տարեկանների միջազգային մրցաշարում էլ կիսաեզրափակիչ է հասել Սամվել Գևորգյանը:

Մրցաշարերին մասնակցել են նաև Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներ:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով՝ պատանի թենիսիստները բավականին գոհացնող մրցելույթներ են ունեցել:

«Մեր պատանի թենիսիստներն, իսկապես, լավ արդյունքներ են գրանցում և որակապես բավականին հաջող խաղ են ցուցադրում: Այդուհանդերձ, ավելի հաջող ենք հանդես գալիս զուգախաղում, բայց վստահ եմ՝ մենախաղում ևս արդյունքները կբարելավենք ու կկարողանանք կրկնել Միքայել Ավանեսյանի ցուցանիշը. Եվրոպայի զարգացման առաջնության 20 տարվա պատմության մեջ Հայաստանի ներկայացուցիչներից միայն Ավանեսյանն է 2022 թվականին դարձել մենախաղի հաղթող»,- նշում է Գևորգ Կարամանուկյանը:

Ֆեդերացիայի գործադիր տնօրենը նաև տեղեկացրել է՝ մարտի 11-23-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի՝ մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների միջև վարկանիշային մրցաշար, որին 28 երկրի ավելի քան 100 թենիսիստներ են մասնակցում:

 

Լրահոս

Դիտել ավելին