Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Տրեվիզոյում

21 Հոկտեմբեր, 2015 12:44
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Տրեվիզոյում
Հոկտեմբերի 16-ին Իտալիայի Տրեվիզոյի քաղաքային խորհրդի նստավայր, հայտնի Տրեչենտոյի պալատում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արմին Տեոֆիլ Վեգները և Անատոլիայի հայերը, 2015» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
 
Ցուցահանդեսի բացմանը ելույթներ ունեցան Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Տրեվիզոյի քաղաքապետ Ջիովանի Մանիլդոն, քաղաքային խորհրդի նախագահ Ռոզի Ֆրանկոն, քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության հարցերի պատասխանատու Լուչիանո Ֆրանկինը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆեսոր Պայքար Սիվազլիյանը:
 
Ելույթ ունեցողներն իրենց խոսքում անդրադարձան Արմին Վեգների գործունեությանը, կարևորեցին նոր ցեղասպանությունների կանխարգելումը՝ այդ նպատակով անհրաժեշտ համարելով հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը և կրթական ծրագրերի իրականացումը:
 
Միջոցառմանը ներկա էին Տրեվիզոյի քաղաքային իշխանությունների, հասարակական ու մշակութային շրջանակների, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
 
Ցուցահանդեսի բացմամբ մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շաբաթը, որի հովանավորներն են Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, Իտալիայում հայերի միությունը, Տրեվիզոյի քաղաքապետարանը և «Feder Piazza» հիմադրամը: Շաբաթը ներառում է 3 գիտաժողով, որոնցից երկուսը՝ ուսանողների համար, գրքերի շնորհանդեսներ, Հայոց ցեղասպանության թեմայով լավագույն շարադրության համար ուսանողների պարգևատրման արարողություն, փաստագրական ֆիլմի ցուցադրում և Տրեվիզոյի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին