Կարևոր իրադարձություններ

Էջմիածնի դպրոցներից մեկում ծեծկռտուքից հետո մահացած աշակերտի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ խոսնակ

05 Դեկտեմբեր, 2023 19:33
Էջմիածնի դպրոցներից մեկում ծեծկռտուքից հետո մահացած աշակերտի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ խոսնակ

Արդեն քանի օր է լրատվական կայքերում տարածվում է Էջմիածնի դպրոցներից մեկի աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից տարբեր կարծիքներ: Ըստ հրապարակումների` նույն դպրոցի երկու աշակերտ ֆիզկուլտուրայի դասին «արա» ասելու համար ծեծել են 15-ամյա դասընկերոջը, որը օրեր անց մահացել է: Ըստ նույն այդ հրապարակումների` ծեծողները եղել են Էջմիածնի հիվանդանոցի բժշկի թոռն ու նույն դպրոցի փոխտնօրենի որդին: Ինչպես լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է մահացած աշակերտի հորաքույրը, նրանք հիվանդանոցում ասել են, որ հեծանիվից է ընկել, քանի որ երեխան էր այդպես խնդրել իրենց:

Ինչպես Shabat.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

«18.11.2023թ-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել էջմիածին քաղաքի 15-ամյա բնակիչ Ն. Հ.-ն, ով նույն օրը դուրս է գրվել։ 2023 դեկտեմբերի 02-ին ժամը՝ 20:10-ին, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 23-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բուժօգնության ընդունված Ն.Հ.-ն Բ/Կ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախնական տեղեկություններ են ձեռք բերվել նոյեմբերի 18-ին դպրոցում անչափահասների, այդ թվում նաև Ն. Հ.-ի մասնակցությամբ վեճի և քաշքշոցի, դրա ընթացքում նշված անձի վայր ընկնելու մասին։ Միաժամանակ նաեւ տվյալներ են առկա անչափահասի` շնչառության հետ կապված առողջական խնդիրներ ունենալու մասին։

Նախաքննություն է իրականացվում' պարզելու դեպքի հանգամանքները, մահվան պատճառները, դրան նախորդած շրջանում կատարվածի և մահվան միջև պատճառական կապի առկայությունը։ Այդ նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-հավելեց Աբրահամյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին