Կարևոր իրադարձություններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գրան պրի մրցանակակիր Մաշա Մնջոյանին (լուսանկարներ)

06 Սեպտեմբեր, 2023 17:55
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գրան պրի մրցանակակիր Մաշա Մնջոյանին (լուսանկարներ)

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի, Գրան պրի մրցանակի դափնեկիր Մաշա Մնջոյանին, և Մանկական կատարողների 22-րդ երաժշտական մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած 11-ամյա Անահիտ Գալստյանին:

Նախարարը շնորհավորել է մրցանակակիրներին հաջողությունների առթիվ և նշել, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ոլորտի զարգացմանը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հատկապես բարդ և մարտահրավերներով լի օրերին մշակույթի դերը շատ կարևոր է, քանի որ մշակույթից դրական էներգիա է գալիս, որը դժվար օրերին օգնում է ապրելու:

«Ձեր հաղթանակները ոգևորում են թե՛ մեզ, թե՛ երիտասարդներին՝ զարգացնելու իրենց տաղանդը: Ձեր հաջողությունները ճանապարհ են բացում մյուսների համար, քանի որ դուք լավ օրինակ եք, որպեսզի նրանք ևս հավատան իրենց ուժերին»,- դիմելով հյուրերին՝ ասել է նախարարը:

«Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթի Գրան պրի մրցանակակիր Մաշա Մնջոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ գնահատանքի խոսքերը խրախուսող են և մղում են առաջ գնալ:

«Թեև ապրում եմ արտերկրում, բայց միշտ պատրաստ եմ իմ երգով լինել Հայաստանի կողքին և Հայաստանի հետ»,- ասել է երգչուհին:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մշակույթի ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը՝ մասնավորապես նշելով, որ շրջանառվում է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման» կարգը, որը հանրային քննարկման ավարտից հետո սահմանված կարգով կհաստատվի:

Հանդիպմանը ներկա է եղել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը: «Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանի մասնակցությունը համակարգել է հիշյալ քոլեջը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին