Կարևոր իրադարձություններ

Գիտելիքների ձեռքբերումը սկսվում է գրադարանից. ԿԳՄՍ փոխնախարար (լուսանկարներ)

04 Սեպտեմբեր, 2023 16:35
Գիտելիքների ձեռքբերումը սկսվում է գրադարանից. ԿԳՄՍ փոխնախարար (լուսանկարներ)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան:

ԿԳՄՍ փոխնախարարը գրադարանի փոքրիկ հյուրերի հետ դիտել է «Անտառային դասեր» ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը: Դանիել Դանիելյանը շնորհավորել է  դպրոցականներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ հորդորելով նրանց լավ սովորել ու սիրել գիրքը:

«Ես ևս բազում գեղեցիկ հիշողություններ ունեմ այս գրադարանում: Տարիներ հետո կարծես վերադարձել եմ իմ տուն՝ հարազատ վայր: Առանց գրքի արվեստ ու կրթություն գոյություն չունի: Գիտելիքների ձեռքբերումը սկսվում է գրադարանից»,- ասել է նախարարի տեղակալը:

Կարևորելով մանկապատանեկան գրադարանների դերը երեխաների կրթության գործում՝ փոխնախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայաստանի մարզերի համայնքային գրադարաններում մանկապատանեկան գրականության համալրմանը: «Գրքերը բավականին մաշված են, քանակն էլ՝ խիստ սահմանափակ»,- նշել է Դանիել Դանիելյանը:

Այնուհետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ շրջայց է կատարել գրադարանի սրահներում՝ ծանոթանալով ընթացիկ աշխատանքներին, խոսելով ընթերցողների հետ, հետաքրքրվել, թե ինչպիսի գրականություն են նախընտրում կարդալ:

 

Նախարարի տեղակալի այցերը մշակութային հաստատություններ կշարունակվեն:

 
 

Լրահոս

Դիտել ավելին