Կարևոր իրադարձություններ

Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը՝ Վայոց ձորում (լուսանկարներ)

28 Օգոստոս, 2023 13:15
Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը՝ Վայոց ձորում (լուսանկարներ)

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Վայոց ձորի մարզպետարանում անցկացրել է օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը:

Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, դպրոցների տնօրեններ, կրթության ոլորտի պատասխանատուներ, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչներ։

Խորհրդակցության մեկնարկին ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է միասնական քննությունների և բուհերի ընդունելության մարզային արդյունքները․ համաձայն «Գնահատման և թեստավորման կենտրոնի» տվյալների՝ Վայոց ձորի մարզից այս տարի քննություններին մասնակցել է 234 դիմորդ, որի 63,2 տոկոսն ընդունվել է առաջին փուլով, ևս 19 ուսանող ընդունվել է 2-րդ փուլով, այնուհետև ըստ տարբեր չափանիշների՝ մանրամասն վերլուծել է արդյունքները՝ տնօրենների ուշադրությունը հրավիրելով որոշ ցուցանիշների վրա։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նոր ուսումնական տարվա փոփոխություններին, մասնավորապես հանրակրթական նոր չափորոշչի ներդրմանը, որը կկիրառվի 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների համար:

Անդրադարձ է կատարվել նաև նոր դասագրքերին, դրանց ուշացման խնդիրներին և այդ ընթացքում դասավանդման գործընթացի կազմակերպման եղանակներին, ինչպես նաև դպրոցների կառավարման և ֆինանսավորման նոր մոդելներին, կամավոր ատեստավորմանը, մանկավարժների մասնագիտական զարգացման հնարավորություններին, ոլորտի իրավական ակտերի փոփոխություններին, ներառական կրթության առանձնահատկություններին, հոգեբանի ծառայությունների ներդրմանը, դպրոցաշինության ծրագրերին, բնագիտական առարկաներ դասավանդողներին տրվող լրավճարներին։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև ՀՀ Կրթության տեսչական մարմնի՝ Վայոց ձորի դպրոցներում կատարած ստուգումների վերլուծությունը, այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ԿՏԱԿ-ի և ԿԶՆԱԿ-ի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը հանդիպել է նաև մարզի մանկապարտեզների տնօրենների հետ՝ քննարկելով տնօրենների հավաստագրման գործընթացին։

Քննարկվել են ոլորտի իրավական ակտերին, համընդհանուր ներառականությանն առնչվող մի շարք հարցեր։

Նշենք՝ 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքը մեկնարկել է օգոստոսի 21-ին Արագածոտնի մարզից և կավարտվի օգոստոսի 29-ին` Երևանում: Նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների և հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին