Կարևոր իրադարձություններ

Անջատեք էլեկտրականությունը և մեկ ժամ հատկացրեք երկրին. այս տարի երբ կանցկացվի «Երկրի ժամը»

23 Մարտ, 2023 18:22
Անջատեք էլեկտրականությունը և մեկ ժամ հատկացրեք երկրին. այս տարի երբ կանցկացվի «Երկրի ժամը»

Մարտի 25-ին, ժամը 20։30-ին բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) իր շուրջը կհամախմբի մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից՝ նվիրելու մեկ ժամ Երկրին և  անցկացնելու «Երկրի ժամը»։

2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։

Աշխարհի հազարավոր քաղաքներ, համայքներ ու միլիոնավոր անհատներ ամեն տարի իրենց նվիրումն են ցույց տալիս մեր մոլորակին՝ մեկ ժամով անջատելով էլեկտրականությունը կամ նվիրելով Երկրին ավելին՝ մոլորակի համար որևէ այլ դրական բան անելով։

Այս տարի «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 25-ին, ժամը՝ 20:30-21:30-ին: WWF-ը նշում է, որ 2023-ին շարժմանը հաղորդվելու է նոր շունչ՝ դարձնելով այն երբևէ կազմակերպվածներից ամենամասշտաբայինը։

Արդեն իսկ ակնհայտ կլիմայական ճգնաժամով պայմանավորված՝ գալիք տարիները վճռորոշ են բնության անդառնալի կորուստների և կլիմայի փոփոխության դադարեցման համար: Այսպիսով՝ WWF-ն ընդգծում է այս խնդրին ուշադրություն սևեռելու և հանուն մեր ընդհանուր մոլորակի պահպանության համախմբվեու անհրաժեշտությունն ավելի քան երբևէ:

 

«Բացի լույսերը մեկ ժամով անջատելու շնորհիվ էներգիա խնայելուց՝ «Երկրի ժամը» կծառայի որպես ուշագրավ հիշեցում մեր մոլորակի կարևորության, այն պահպանելու անհրաժեշտության և այս ամենն անելու համար մեր ունեցած սահմանափակ ժամանակի մասին»,- նշում է WWF-Հայաստանի հասարակության հետ կապերի ղեկավար Ժակ Նիազյանը։

WWF-Հայաստանը կոչ է անում անհատներին, համայնքներին և կազմակերպություններին մարտի 25-ին, ժամը 20:30-ին միանալ «Երկրի Ժամին»՝ անջատելով էլէկտրականությունն ու հատկացնելով մեկ ժամ Երկրին՝  մեր մոլորակի համար որևէ դրական բան անելու համար:

Միասին մեր մոլորակի համար կարող ենք անել ավելին։ Համախմբվելով Երկիրը պահպանելու գաղափարի շուրջ և հանրությանն իրազեկելով՝ միասին մենք կօգնենք կերտել ավելի կանաչ ապագա։

 

Լրահոս

Դիտել ավելին