Կարևոր իրադարձություններ

Հինգ համայնքում անցկացվել են որդան կարմիրի պահպանությանը նվիրված էկոդասընթացներ

20 Հոկտեմբեր, 2015 15:56
Հինգ համայնքում անցկացվել են որդան կարմիրի պահպանությանը նվիրված էկոդասընթացներ

«Որդան կարմիր» պետական արգելավայրի հարակից հինգ` Ջրառատ, Երասխահուն, Եղեգնուտ, Արգավանդ եւ Արազափ համայնքների հանրակրթական դպրոցներում իրականացվել են որդան կարմիրի պահպանությանն ուղղված տեսական էկոդասընթացներ, որոնց մասնակցել է 150 աշակերտ: Վերջիններս հետաքրքրություն են ցուցաբերել եւ ցանկություն հայտնել հետագայում ընդգրկվել նաեւ ծրագրով նախատեսված գործնական փուլում:
Ըստ ծրագրի հեղինակ, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանի` դասընթաց կազմակերպելու գաղափարը մտահղացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում, երբ իր կողմից առաջ է քաշվել և քննարկվել «Որդան կարմիր» պետական արգելավայրի պահպանման խնդիրները: Նիստում վերջինս հանդես է եկել արգելավայրի ազդակիր համայնքների դպրոցներում էկոդասընթացներ անցկացնելու առաջարկությամբ:
Դեռեւս 1987 թվականից, երբ ստեղծվել է «Որդան կարմիր» պետական արգելավայրը (Ջրառատի եւ Արազափի տեղամասերով), մինչ օրս էկոկրթական միջոցառումներ չեն իրականացվել այդ տարածքներում: Դասընթացներին մասնակցած դպրոցականների շատ փոքր տոկոսն էին տեղյակ «Որդան կարմիր» արգելավայրի գոյության մասին: 
Աշակերտները դասընթացներից հետո առաջարկել են միջատի փրկության համար ցանկապատել արգելավայրի երկու տեղամասերը, նաև փոխել այդ տարածքներում տեղադրված ցուցանակները, քանի որ դրանք որոշ տեղերից աննկատ են: Մասնակիցներին նաեւ անհանգստացրել է այն հարցը, թե ինչու են գրանցվում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների` այդ տարածքներում արածեցնելու դեպքեր: Վերջիններիս ներկայացվել է պարզաբանում, որ համայնքները զուրկ են արոտավայրերի համար նախատեսված տարածքներից, իսկ հինգ համայնքում միասին հաշվառված է 4400 խոշոր եղջերավոր եւ նույնքան էլ` մանր եղջերավոր անասուն: 
Դասընթացի տեսական մասի ավարտին հինգ դպրոցներից ընտրվել են հետագա գործնական դասընթացին մասնակցող 15 աշակերտ:
Ծրագրի շրջանակներում աշակերտները ծանոթացել են նաև Արմավիրի մարզի ընդհանուր բնապահպանական վիճակին, բարձրաձայնել իրենց համայնքներում առկա էկոխնդիրների մասին: Բոլոր դպրոցներին բաժանվել են բնապահպանական գրականություն եւ բնության հատուկ պահպանվող տարածքների քարտեզներ:

 

Լրահոս

Դիտել ավելին