Կարևոր իրադարձություններ

Պուշկինոյի երկու բնակիչ Ստեփանավանի անտառպետության պահաբաժիններում ապօրինի հատել են տարբեր տեսակի ծառեր

21 Մարտ, 2023 11:34
 Պուշկինոյի երկու բնակիչ Ստեփանավանի անտառպետության պահաբաժիններում ապօրինի հատել են տարբեր տեսակի ծառեր

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ։

2021թ. հունիսի 14-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված անտառխախտման արձանագրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ստեփանավանի անտառպետության պահաբաժիններում ապօրինի հատվել է տարբեր տեսակի թվով 50 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Իրականացված քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Պուշկինո բնակավայրի երկու բնակիչներ 2021թ. մայիսից հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում, հիշյալ անտառտնտեսության պահաբաժիններից, առանձին-առանձին, ձեռնասղոցի գործադրմամբ, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի հատել են տարբեր տեսակի ծառեր: Փայտանյութը ջեռուցման նպատակով օգտագործելու համար տեղափոխել են հիշյալ բնակավայրի տարբեր հասցեներում գտնվող իրենց տան բակ և օգտագործել իրենց կարիքների համար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Պուշկինո բնակավայրի երկու բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասին):

Նրանց վերաբերյալ քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է և նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինների կողմից ինչպես կանխարգելիչ և հսկողական միջոցառումների, այնպես էլ քրեական վարույթների շրջանակում ապօրինի ծառահատումների դեպքի բացահայտմանն ուղղված քննությունների արդյունքում ՀՀ Լոռու մարզում արձանագրվում է ապօրինի անտառահատման դեպքերի հետևողական նվազում։

Եթե 2021թ. ընթացքում մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 108 դեպք, ապա 2022թ.՝ 76, կամ 30%-ով պակաս: Դեպքերի նվազումը հանգեցրել է նաև դրանցով նախաձեռնվող և քննվող քրեական վարույթների, ինչպես նաև բնությանը պատճառվող վնասի էական նվազման։

2022թ. ընթացքում մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների քննիչների կողմից քննություն է կատարվել ապօրինի ծառահատումներին առնչվող 114 քրեական վարույթով, մինչդեռ 2021թ. քննված քրեական գործերի քանակը եղել է 138-ը։

Իսկ 2022թ. ընթացքում քննվող վարույթների շրջանակում ապօրինի ծառահատմամբ բնությանը պատճառված՝ բացահայտված վնասը կազմել է շուրջ 32մլն ՀՀ դրամ, որը շուրջ 7 անգամ նվազ է 2021թ. պարզված՝ պատճառված վնասի չափից (234 մլն դրամ)։

2021թ և 2022թ ընթացքում մարզում ապօրինի ծառահատումների համար քրեական հետապնդում է հարուցվել 39 անձի նկատմամբ, այդ թվում՝ 11 անտառապահ, 3 անտառապետ։

Նախորդ երկու տարվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ ավարտվել և դատարան է ուղարկվել ընդհանուր 24 քրեական վարույթ՝ 24 անձի վերաբերյալ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին