Կարևոր իրադարձություններ

Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին. «Հրապարակ»

21 Մարտ, 2023 09:19
Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում Հայ-Ռուսական համալսարանի շուրջ: Գործող ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի լիազորությունները մայիսի 14-ին ավարտվում են, իսկ ռուսական կողմը հակված չէ ռեկտորի ընտրություններ անցկացնել, քանի որ համոզված է, որ Դարբինյանը կվերընտրվի: Վերջինս էլ տեղեկացրել է հիմնադիրներին (ՀՀ եւ ՌԴ կառավարություններին), որ չի պատրաստվում առաջադրվել՝ համալսարանի եւ իր նկատմամբ շարունակվող ճնշումների պայմաններում, եթե լիարժեք սատարում չունենա նրանց կողմից:

Վերջին տարիներին ռուսական կողմը բազմիցս փորձել է փոխել համալսարանին վերաբերող իրավակարգավորումները՝ նպատակ ունենալով պաշտոնանկ անել Արմեն Դարբինյանին: Հայկական կողմն այդ ընթացքում իներտություն է դրսեւորել՝ առանձնապես ո՛չ խանգարելով, ո՛չ էլ օժանդակելով այդ գործընթացին: Այժմ եկել է նոր ընտրություններ անցկացնելու պահը: Դարբինյանը շարունակում է վայելել համալսարանականների վստահությունը, եւ նրանք պատրաստվում են նրան առաջադրել որպես հաջորդ հնգամյա ժամանակահատվածի համար ռեկտորի միասնական թեկնածու: Դարբինյանն էլ ուլտիմատում է ներկայացրել հիմնադիրներին՝ կառաջադրվեմ միայն մի պայմանով՝ երբ նախօրոք ստանամ երկու կառավարությունների ամբողջական համաձայնությունն ու սատարումը, հակառակ դեպքում մայիսի 14-ին, 23։59 րոպեին կդադարեցնեմ պաշտոնավարումս: Համալսարանի գիտխորհուրդն այս կապակցությամբ նախօրեին բավական կոշտ որոշում է կայացրել՝ պահանջելով հայկական կողմից՝ անհապաղ կարճել հարուցված քրեական գործը եւ դադարեցնել համալսարանի հիմնադիր փաստաթղթերը «արկածախնդիր փոփոխությունների ենթարկելու փորձերը»: Մենք կհետեւենք իրադարձությունների հետագա զարգացմանը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին