Կարևոր իրադարձություններ

Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա. Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար. «Փաստ»

21 Մարտ, 2023 09:00
Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա. Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Իշխանը համեստ, փակ երեխա էր: Գիտեր՝ երբ պետք է խոսել, երբ լռել: Բակային վեճեր չէր սիրում, ընկերներին հաշտեցնողն էր: Ուրիշ տեսակի հումոր ուներ: Մինչև վեցերորդ դասարանը գերազանց սովորեց, հետո՝ հարվածային, անգլերենն էր շատ սիրում: Բավական էր՝ մեկ անգամ կարդար դասը, միանգամից ընկալում էր: Ուսումը շարունակեց Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում՝ որպես ատամնատեխնիկ: Լավ էր սովորում, իր գործերից որոշները դրված են տան իր անկյունում:

Քոլեջն ավարտեց, բայց չէր բավարարվում ունեցածով: Անընդհատ ասում էր՝ մարդը պետք է մի քանի մասնագիտություն ունենա: Մեկ քննություն հանձնեց Կենսաբանություն առարկայից և ընդունվեց Ագրարային համալսարան: Անասնաբուժության բաժին էր դիմել, բայց հետո փոխեց Սննդի տեխնոլոգիա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Իշխանի մայրիկը՝ տիկին Լիաննան:

Իշխանը սովորել է Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում, Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում, զուգահեռ հաճախել է «Բանանց» ֆուտբոլային ակումբ՝ մոտ երկու տարի: Մասնագիտություններից ո՞րը կընտրեր ծառայությունից հետո, մայրիկն Իշխանի խոսքերն է վերհիշում. «Կգամ, կորոշեմ: Մտածում էինք նաև, որ բանակից վերադառնալուց հետո ուսումը շարունակի ՌԴ-ում, ավելի շատ պրակտիկ փորձ ձեռք բերի, բայց… Հիմա աղջկաս դեպքում որևէ բան նախապես չեմ որոշում»:

Իշխանը ծառայության է զորակոչվել 2020 թ. հուլիսի 30-ին, ծառայությունն անցել է «Արա լեռի» զորամասում: «Մարտունի 2-ում անցավ իր կարանտինը, 15 օր հետո արդեն իր զորամասում էր: Միշտ ասում էր՝ այնքան լավ զորամաս է: Բարձրանում էին լեռնային հատված, ուսումնական վարժություններ կատարում: Իշխանը հրետանու հաշվարկի լիցքավորողն էր»: Մայրիկը վերհիշում է պատերազմական օրերը: Դեռևս պատերազմի նախօրեին ինչոր փոփոխություններ են կատարել դիրքերում, տիկին Լիաննայի խոսքով, հավանաբար, ինչ-որ բանի են նախապատրաստվել:

«Սեպտեմբերի 26-ին Իշխանին նամակ գրեցի, ասաց՝ հրամանատարի տանն ենք, հարցրեցի՝ ի՞նչ ես անում այդտեղ, թե՝ մի փոքր գործ կա, եկել ենք օգնելու: Իհարկե, խաբեց՝ իմանալով իմ անհանգիստ բնավորությունը: Իրեն մի այլ կերպ եմ մեծացրել, դողացել իր վրա: Երբ սկսում էր հազալ, ինձ մոտ պանիկա էր սկսվում. դեղ խմի՛ր, շուտ լավացի՛ր: Անգամ կատակում էր՝ հանկարծ Լիանը չլսի, որ հազում եմ»:

Տղաների մասին զրույցների ընթացքում ընտանիքի անդամները պատերազմի մասին խոսելիս մեկ էլ վերհիշում են ինչ-որ կենցաղային դրվագներ, հումորային միջադեպեր, կարծես ցանկանում են գոնե ներքուստ շրջանցել պատերազմական հուշերը: «Սեպտեմբերի 27-ին սպասում էի իր զանգին կամ նամակին, անընդհատ աչքս հեռախոսին էր, հետո իմացա, որ պատերազմ է սկսվել: Իշխանի հետ երկու օր չխոսեցի: Տեսնում էինք, որ ամեն ինչ խառնվել է իրար, բայց երևի էլի չէինք պատկերացնում պատերազմի ծավալները: Սեպտեմբերի 29-ի առավոտյան 8-ին զանգեց: Գոռացել եմ՝ Իշխա՛ն, ո՞ւր ես, ու հակառակ կողմում իր հանգիստ ձայնը՝ «ինչի՞ ես խառնվել իրար»:

Հարցրեցի՝ ձեզ մոտ ինչի խառը չի՞, պատասխանեց՝ մի երկու օր խառն էր, պրծավ, գնաց, ապահով տեղում ենք: 33 օր իր հետ կապի մեջ էինք, ասում էր՝ հրետանուց հեռու ենք, թիկունք ենք պահում: Հետո, երբ իր զինակից ընկերները պատմեցին, թե ինչերի միջով են անցել, առաջին միտքը, որ ունեցա՝ 18 տարեկան տղան ի՞նչ կամքի ուժ ուներ, որ մի անգամ չբողոքեց: Մեզ անգամ փոշոտ հագուստով նկարներ չէր ուղարկում, տպավորություն էր ստեղծում, որ ապահով տեղում է, ամեն ինչ կարգին է: Բայց երկու անգամ շրջափակման մեջ են ընկել: Մի դեպք է եղել Հադրութի գյուղերից մեկում, որտեղ հրետանի են աշխատեցրել ու պաշտպանվել: Բոլորը քնած են եղել, Իշխանը տեսել է յաշմաներին: Զեկուցել է հրամանատարին, որ մոտենում են: Սկզբում ասել են, թե հնարավոր չէ, մերոնք են: Հետո են համոզվել, որ մեր զինվորական հագուստով յաշմաներն են մոտենում: Հոկտեմբերի 13-ին 20 և ավելի զինվոր փրկվել է: Իշխանն առաջադրված է «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանի հենց այս առիթով»:

Հոկտեմբերի 29-ին, սակայն, «փորձանքից» խուսափել չի հաջողվել: «Այդ օրը ցերեկը խոսեցինք: Նորից հանգիստ ձայնով էր, բայց միշտ հարցնում էր՝ «այդտեղ ի՞նչ են ասում, ի՞նչ կա»: Ասացի՝ երեկոյան էլ կզանգես, որ մի քիչ հանգիստ լինեմ, կարողանամ քնել: Երբեք իր տեղը չէր ասում: Իսկ դեպքը եղել է Շուշի-Կարմիր շուկա հատվածում: Իշխանը, 18-ամյա Վարդանը, որ զոհվել է այդ օրը, հաշվարկի հրամանատարը և նշանառուն, որոնք ողջ են ու ինձ հետ մշտական կապի մեջ, կռիվ են տվել այդ գիշեր: Անօդաչուն այնքան անձայն է մոտեցել, որ տղաները չեն նկատել, նաև մութ է եղել»: Իշխանը այրվածքներ է ունեցել, հրամանատարի օգնությամբ նրան շուտ են դուրս բերել, շտապօգնությունը տեղափոխել է Էրեբունի հիվանդանոց:

«6 օր հիվանդանոցում պայքարեց, խոր այրվածքներ ուներ, թոքերը չէին գործում, արհեստական շնչառության ապարատին էր միացված: Ինձ ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա: Բժիշկն ասաց՝ անգամ այս վիճակում ինքը քեզանից ուժեղ է: Իմ հեռախոսահամարը Իշխանն էր բժիշկներին տվել, որ զանգահարեն: Նոյեմբերի 6-ի լուսադեմին մահացավ: Ճնշումը միանգամից ընկել էր և սրտի կանգ արձանագրվել»: Իշխանի ֆիզիկական բացակայության պայմաններում մայրիկին ուժ է տալիս որդուն ապրեցնելը:

«Քեզ ամուր ես պահում ու ոտքի վրա ես մյուս երեխայիդ համար, նաև որդուդ ապրեցնելու համար: Իշխանի ուսուցչուհին՝ Սիրանուշ Ասլանյանը, որ նրան երգեցողություն է դասավանդել Մ. Մելքոնյանի անվան դպրոցում, մի օր զանգահարեց ինձ՝ ուզում եմ թատերական ներկայացում բեմադրել Իշխանի համար, երեխաներն իր կյանքը ներկայացնեն՝ մանկությունից մինչև պատերազմ: Համաձայնեցի, բայց մտածում էի՝ կկարողանա՞մ ներկայացումը դիտել»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին