Կարևոր իրադարձություններ

Հարգանքի տուրք է մատուցվել Ալեքսանդր Թամանյանի հիշատակին

16 Մարտ, 2023 22:51
Հարգանքի տուրք է մատուցվել Ալեքսանդր Թամանյանի հիշատակին

Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրվա առթիվ մարտի 16-ին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների հետ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծանուն ճարտարապետի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Ծննդյան 145-ամյակի առթիվ վերստին արժևորելով հայկական ազգային ճարտարապետության մեջ թամանյանական ինքնատիպ ձեռագիրը՝ կարևորվեց նրա ավանդը մի ամբողջ ուղղության՝ թամանյանական դպրոցի ձևավորման գործում: Ալ.Թամանյանի հանճարը դրսևորվել է թերևս նրա բոլոր աշխատանքներում. նա նոր բովանդակություն է հաղորդել հայկական ճարտարապետությանը:

«Երբ հայ ճարտարապետության խոշորագույն հետազոտող Թորոս Թորամանյանը մահամերձ էր, կյանքի վերջին օրը նրան այցելում է Ալ. Թամանյանը: Թ. Թորամանյանը խնդրում է, որ իրեն օգնեն նստել, քանի որ չի կարող պառկած մնալ, երբ Վարպետն է եկել»,- Թամանյանի մեծությունը փաստող մի դրվագ մեջբերեց Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին նաև ճարտարապետներ Թորոս Թորամանյանի, Ջիմ Թորոսյանի և այլոց շիրիմներին:

 

Լրահոս

Դիտել ավելին