Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանը Կանադայի Սենատի ղեկավարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը

20 Հոկտեմբեր, 2015 15:11
Գալուստ Սահակյանը Կանադայի Սենատի ղեկավարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում, հանդիպել է Կանադայի Սենատի խոսնակ Լեո Հուսակոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
 
Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի Սենատի խոսնակին հանդիպման համար եւ փաստել, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: ՀՀ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Լեո Հուսակոսի՝ երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ փոխգործակցությունը խթանելու պատրաստակամությունը:
 
ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես նշել է. «Մեր խորհրդարանների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում կրում է մշտական եւ կառուցողական բնույթ: Մենք երախտապարտ ենք կանադական կողմին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի բարձրացմանը հետեւողականորեն աջակցելու համար»:
 
Խոսելով հայ-կանադական բարեկամական հարաբերությունների մասին՝ Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ Կանադայի անկեղծ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ դրսեւորվել է նաեւ 2002 թվականին, երբ Կանադայի Սենատի կողմից ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, որը վերահաստատվել է այս տարվա մայիսին: ԱԺ նախագահը նշել է, որ այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է Կանադայի դիրքորոշումը, ըստ որի՝ մարդկության դեմ իրագործված նման ոճիրները պետք է դատապարտվեն եւ կանխարգելվեն:
 
«Մենք բարձր ենք գնահատում նաեւ Կանադայի հավասարակշռված եւ չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ»,-եզրափակել է իր խոսքը Գալուստ Սահակյանը:
 
Կանադայի Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են:
 
«Կանադան օրհնված է, որ իր հասարակության մասն են կազմում նաեւ հայերը: Մենք հպարտանում ենք նրանցով»,-նշել է Սենատի խոսնակը:
 
Լեո Հուսակոսը վստահեցրել է, որ հայ-կանադական համագործակցությունը կշարունակվի եւ ավելի կամրապնդվի: Կանադայի Սենատի ղեկավարի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին եւ սպառիչ պատասխաններ տվել ադրբեջանական ագրեսիայի եւ հայկական հակազդեցության վերաբերյալ:
 
Կողմերը խոսել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում սպասվող սահմանադրական բարեփոխումների մասին:
 
Հանդիպման ավարտին Սենատի խոսնակն ընդունել է Գալուստ Սահակյանի հրավերը եւ հայտնել, որ հաջորդ տարի պաշտոնական այց կկատարի Հայաստան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին