Կարևոր իրադարձություններ

Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ

06 Մարտ, 2023 19:45
Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի նկատմամբ նշանակվել է  «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 6-ի հրամանով Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի նկատմամբ նշանակվել է  «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։

 

Տույժի նշանակման համար հիմք հանդիսացած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, պատասխանատու լինելով հանրային մեղադրանքը պաշտպանելու իրավաչափության համար, ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվողի ու նրա պաշտպանի հետ համաձայնեցման վարույթի շրջանակներում իրականացրել է բանակցություններ: Դրանց արդյունքում մեղադրողը կողմի հետ համաձայնության է եկել մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման:

 

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին, անտեսելով օրենքի վերը նշված պահանջը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ (դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը, եթե համաձայնեցված պատիժն անօրինական է) ընդունելով համաձայնության մասին նշված արձանագրությունը, կայացրել է դատավճիռ՝ որպես պատիժ նշանակելով ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

 

Լրահոս

Դիտել ավելին