Կարևոր իրադարձություններ

Կարևորը էներգակիրներն են, մնացած ամեն ինչը երկրորդական է. «Փաստ»

04 Մարտ, 2023 08:00
Կարևորը էներգակիրներն են, մնացած ամեն ինչը երկրորդական է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ուկրաինական պատերազմը համաշխարհային մակարդակով փոփոխությունների պատճառ է դարձել։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը և Ուկրաինան առանցքային դերակատարություն ունեն համաշխարհային տնտեսության մեջ հումքի մատակարարման շղթաներում։ Իսկ Արևմուտք - Ռուսաստան դիմակայությունն իր հետ նոր ռիսկեր է ավելացնում։ Առաջին հերթին այն վերաբերում է Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ հայտարարված տնտեսական պատերազմին։ Ռուսաստանն ընդհանրապես ամենաշատ սանկցիաների ենթարկված պետությունն է։ Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունների մեկնարկից հետո ավելի քան 11 հազար սահմանափակումներ են դրվել ռուս անհատների, ընկերությունների, ապրանքների և տեխնոլոգիաների նկատմամբ։

Թեև նման սահմանափակումների մեծ թիվը իսկապես տպավորիչ է, սակայն այդ «դժոխային պատժամիջոցները» մինչ այժմ այնքան դժոխքի չեն հասցրել Ռուսաստանին, ինչպես ի սկզբանե սպասվում էր: Իսկ երբ Ռուսաստանի արտարժութային պահուստների գրեթե կեսը՝ շուրջ 640 մլրդ դոլար, սառեցվեց, շատ էր խոսվում այն մասին, որ շուտով Ռուսաստանը դեֆոլտի մեջ է հայտնվելու և ընդունակ չի լինելու իր պարտքը սպասարկել, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ։ Բացի այդ, ընդհանուր առմամբ, ռուսական տնտեսության վերաբերյալ ապոկալիպտիկ կանխատեսումներն իրականություն չդարձան։ Իսկ ներկայում համեմատականության մեջ Ռուսաստանի տնտեսական դրությունն ավելի բարվոք է, քան Եվրոպական մի շարք երկրների, որոնք լուրջ տնտեսական դժվարությունների առաջ են կանգնել։

Պատճառն այն է, որ ներկա տնտեսական փոխկապակցվածության պայմաններում նույն Արևմուտքը հետևողական չէ իր կողմից սահմանված պատժամիջոցներին, կամ հատուկ դրանցում սողանցքներ է թողնվում՝ մի շարք ուղղություններով շարունակելով օգտվել ռուսական մատակարարումներից։ Օրինակ՝ մինչ այժմ Եվրոպան շարունակում է գազ գնել Ռուսաստանից՝ չնայած «Հյուսիսային հոսք» գազատարը լիովին դադարեցրել է աշխատանքը։ Որքան էլ զարմանալի թվա, բայց ռուսական գազի մատակարարումը շարունակվում է հենց Ուկրաինայի տարածքով։

Փաստացի ստացվում է, որ Ուկրաինայում ինտենսիվ ռազմական գործողությունները շարունակվում են, այդ երկիրն ավերակների է վերածվում, բայց Եվրոպան Ուկրաինայի տարածքով անխափան կերպով ռուսական գազ է ստանում։ Ու որևէ մեկի մտքով չի անցնում վնասել գազատարը, ինչպես եղավ «Հյուսիսային հոսքի» դեպքում»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին