ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը (Amazon Web Services (AWS)) Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով արդիականացնելու պետության տեխնոլոգիական ենթակառուցվածքը և արագացնելու ամպային ծառայությունների ներդրումը Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, ներկայիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար AWS-ի հետ գործակցությունը բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու Հայաստանի արդիականացումն ու թվային փոխակերպումը, որն ազգային օրակարգի անբաժանելի մասն է, ամրապնդելու Հայաստանի դիրքը՝ որպես տարածաշրջանային առաջատար տեխնոլոգիական կենտրոն: