Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ կազմակերպվել է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

03 Մարտ, 2023 14:46
Առաջին անգամ կազմակերպվել է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

Փետրվար ամսվա ընթացքում մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ուղևորները հնարավորություն ունեին դիտելու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 84-ամյակին նվիրված համերգային երեկոյի լուսանկարները։ «ԿՈՂԲ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդեսն ուղևորներին փոխադրում էր մանսուրյանական երաժշտության գեղեցիկ աշխարհ՝ նրանց փոխանցելով համերգի հիշարժան պահերը։

Լուսանկարների ցուցադրությունը նախաձեռնվել էր Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում և նպատակ ուներ հանրայնացնելու և՜ մեծ կոմպոզիտորի արվեստը, և՜ նրա անունը կրող երաժշտական ստուգատեսը։

Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթն այս տարի կազմակերպվում է առաջին անգամ։ Երաժշտական այս մեծամասշտաբ նախաձեռնությունը կյանքի է կոչվել մի շարք հովանավորների շնորհիվ՝ Ֆասթ Բանկ, Team Telecom Armenia և Տրանսիմպեքս (FedEx), որոնք մշտապես կանգնած են դասական արվեստի կողքին։ Այս ընկերությունները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մասնակցում են մի շարք ծրագրերի։

Team Telecom Armenia-ն առաջնահերթություն է տալիս այնպիսի նախաձեռնությունների, որոնք ուղղված են տեխնոլոգիական, կրթական ու գիտական ոլորտների զարգացմանը, նպաստում են հայկական բովանդակության ստեղծմանն ու տարածմանը, ինչպես նաև աջակցում մարզերի զարգացմանը։ Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հավելում են, որ կազմակերպությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանում տեղի ունեցող մշակութային մասշտաբային միջոցառումներում, ինչպիսին է, օրինակ, «Հայա» փառատոնը, Նոյեմբերյան համայնքում «Կողբ» հիմնադրամի իրականացրած «Վարդավառ 2022»-ը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ թողարկված հայկական մեղեդիների հեռախոսազանգերը (ringtone), ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը։ Վերջինս հայկական մշակույթը երաժշտության միջոցով աշխարհին ներկայացնելու հրաշալի օրինակ է։

Մշակույթը, դասական արվեստը մեծ դեր ունեն հասարակության կրթության, մեր ինքնության պահպանման հարցում։ Այս համատեքստում շատ կարևոր է մասնավոր ընկերությունների և մշակութային կառույցների, արվեստագետների համագործակցությունը։ «Թեև դասական արվեստը մասսայական «պրոդուկտ» չէ, բայց անգնահատելի դեր ունի հասարակության զարգացման ու նոր սերունդներին հայկական մշակութային ժառանգությունը փոխանցելու տեսանկյունից։ Այս առումով Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը լիովին համապատասխանում է ընկերության սահմանած սոցիալական պատասխանատվության ուղեգծին։ Team-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախագծերի, որոնք երկարաժամկետ ազդեցություն են ունենում»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների մրցույթի կողքին է նաև ՀՀ-ում FedEx Corporation-ի արտոնագրված ներկայացուցիչ «ՏՐԱՆՍԻՄՊԵՔՍ» ընկերությունը։ Ընկերությունն ավելի քան 25 տարվա գործունեության ընթացքում սոցիալական պատասխանատվությունը մշտապես դիտարկել է իր ընդհանուր բիզնես ռազմավարության անբաժանելի և կարևոր մաս, որի նպատակը Հայաստանում կյանքի որակի բարելավումն է՝ համագործակցության, փորձի, կամավորության և նվիրատվության համադրության միջոցով: Ընկերության տնօրեն Արթուր Աբովյանը հատկապես առանձնացնում է FedEx Care ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպության բոլոր աշխատակիցներն ամեն տարի նախագծում և կյանքի են կոչում սոցիալական պատասխանատվության որևէ ծրագիր և իրենց փոքրիկ ներդրումն ունենում այդ կարևոր առաքելության մեջ։

Արթուր Աբովյանը կարևորում է մշակույթի դերը, քանի որ այն բոլորին հասնելի լեզվով ինքնարտահայտվելու լավագույն միջոցն է։ «Հուսաշատ ենք, որ մեր մասնակցությունը վարակիչ կլինի նաև այլ կազմակերպությունների համար, որոնք ժամանակի ընթացքում կսկսեն աջակցել այն կարևորագույն միջոցառումների և ծրագրերի իրականացմանը, որոնք իրենց կարևորությամբ առանձնանում են և հովանավորության կարիք ունեն։ Այսօր յուրաքանչյուրիս ուշադրությունը և ջանքը պետք է ուղղված լինեն ամուր պետականության կառուցմանը և մեր ինքնության պահպանմանը, իսկ այդ ճանապարհին մշակութային արժեքների կարևորությունը մոռացության մատնելն անկարելի է։ Չէ՞ որ հենց մշակույթի միջոցով ենք մենք աշխարհին մատուցում մեր երկրի հարուստ պատմությունը և առանձնահատկությունները։ Մանսուրյանն այն բացառիկ վարպետներից է, որի թողած մեծ ժառանգությունը վերագտնել կամ կրկին ստեղծել հնարավոր չէ, ուստի մենք մեր պարտքն ենք համարել այդ մրցույթի իրականացման կարևոր մասնիկը դառնալ և գտնել այն տաղանդներին, որոնք ապագայում նոր մշակութային արժեքներ կստեղծեն՝ մեր պատմության էջերը թարմացնելու և մեր ինքնատիպությունն ընդգծելու համար»,- ասում է Արթուր Աբովյանը։

Հիշեցնենք, որ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին դիմելու վերջնաժամկետն ապրիլի 1-ն է։  Ներկայացվելիք ստեղծագործությունը պետք է գրված լինի վերջին մեկ տարվա ընթացքում: Այն երբևէ չպետք է լինի կատարված, ձայնագրված, հրատարակված կամ հրապարակված: Ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար գրված ստեղծագործության տևողությունը պետք է լինի նվազագույնը 8, առավելագույնը` 12 րոպե:

 

Լրահոս

Դիտել ավելին