Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն. վարչապետ

01 Մարտ, 2023 12:55
 Մարտի 1-ը բացահայտված է,  բայց մեղավորները դեռևս պատժված չեն. վարչապետ

Այսօր Երևանում՝ Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված այգում տեղի է ունեցել մարտիմեկյան դեպքերի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը: Արարողությանը ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մարտի մեկի բացահայտման վերաբերյալ հարցին պատասխանել է, որ Մարտի 1-ը բացահայտված է,  բայց մեղավորները դեռևս պատժված չեն:

 «Ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով: Ընդհանրապես լինում են այդպիսի դեպքեր, և ամենամեծ խնդիրը հետևյալն է, որ նաև քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է՝ 2008 թվականի մարտի 1-ից հետո նախաքննությունը ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել է, որպեսզի բացահայտումը կա՛մ դժվար լինի, կա՛մ անհնար դառնա»,- ասել է վարչապետը:

 «Օրինակ՝ այստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխարինվել են այլ պարկուճներով, և այսպիսի բազմաթիվ դեպքեր: Պատկերացնել կարելի է, թե այս ամենն ինչ հետևանքներ են բերել, բայց դա կապ չունի, իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է լիարժեք և ամբողջական հասցնենք բացահայտմանը, և դա մեր օրակարգից դուրս չի եկել և դուրս չի գալու:

Ի վերջո, չմոռանանաք, թե այդ քրեական գործի շրջանակներում ինչեր են պարզվել, պարզվել է, որ ջոկատներ են կազմվել, պարզվել է, որ ապօրինի վճարումներ են արվել, պարզվել է, որ դա արվել է բանակի հովանու ներքո: Ես ուղղակի չեմ ուզում մեկնաբանել իրավական անբողոքարկելի որոշումները: Որոշում է կայացված, բոլորս պետք է ընդունենք ի գիտություն: Բայց այն, որ Մարտի 1-ի դեպքերը բացահայտված են, առնվազն մինչև կատարաղոների մակարդակ, այսինքն՝ բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները, թե ոնց են աշխատել, իհարկե, բացահայտված է»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին