Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով 13 հայ է զոհվել

13 Փետրվար, 2023 17:02
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով 13 հայ է զոհվել

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 հայ: 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:  

«Առաջին օրերին տեղեկատվությունը տարբեր խողովակներով էր տեղ հասնում, և դժվար էր ճշգրիտ տեղեկություններ հաղորդելը: Արդեն կարող ենք նշել, որ Հալեպում ունենք 2 զոհ՝ Միրնա Մինասյան-Թէնէքչեան, Ալպեր Թէնեքչեան: Թուրքիայում զոհվել են Սամի, Աիդա, Ալեքս Թաբաշները, Մարիամ Քարաթաշը, Դշխուն Մեսրոպյան/Բալըքյանը, Արմիկ Մեսրոպյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, Պայծառ Սիլահլինը, Անթուան Հորոզը, Զիլան Տիգրիսը,  Յոհաննա Կարոլինա Կապը»,-ասել է Հովհաննես Ալեքսանյանը:

Կան նաև վիրավորներ: Մի մասը վիրահատված է և բուժում է ստանում, մյուս մասը թեթև վնասվածքներ է ստացել: Հայկական հաստատությունները ևս վնասվել են, զգալի տուժել են հատկապես Սիրիայի տարածքում: Ճշտվում է կոնկրետ վնասի չափը, այդ հաստատությունների հետագա օգտագործելիության հնարավորությունը:

Թվերը, վնասների մասին տեղեկությունները վերջնական չեն: Թուրքիայում արդեն հայտնում են 30 հազարից ավելի զոհի մասին, Սիրիայում զոհերի թիվը 1400-ից ավելին է: (խմբ. Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում զոհվել է 3160 մարդ): 

Հայաստանը օգնություն է տրամադրել ինչպես Սիրիային, այնպես էլ Թուրքիային:

Ուղարկվել են փրկարարական ջոկատներ, հումանիտար օգնություն:

Հովհաննես Ալեքսանյանը տեղեկացրել է, որ շատ հայրենակիցներ դիմել են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ հանգանակության համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին