Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայի դրամաշնորհով Արմավիրում մանկապարտեզ կվերանորոգվի

25 Հունվար, 2023 15:46
Ճապոնիայի դրամաշնորհով Արմավիրում մանկապարտեզ կվերանորոգվի

ԿԳՄՍ-ում այսօր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը ստորագրել են «Արմավիրի քաղաքապետարանի թիվ 5 մանկապարտեզի վերանորոգման նախագծի» դրամաշնորհային պայմանագիրը:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Նախագծի նպատակն է ոչ միայն վերանորոգել մանկապարտեզի շենքը, այլև տեղադրել ջեռուցման համակարգ՝ անվտանգ նախադպրոցական կրթության կազմակերպման համար, որի արդյունքում տարեկան մոտ 190 երեխա կօգտվի ծրագրից:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի կրթության ոլորտին ցուցաբերած շարունակական աջակցության համար, նշել է, որ բարելավված միջավայրը կնպաստի նախադպրոցական կրթության արդյունավետ կազմակերպմանը:

«Անցյալ տարի ընդունված «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում» մեծ տեղ է հատկացված նախադպրոցական կրթության ընդլայնմանը և զարգացմանը:

Մեր նպատակն է մինչև 2030 թվականը ունենալ նախադպրոցական համակարգի ամբողջական ծածկույթ, որի արդյունքում բոլոր երեխանները մինչև դպրոց հաճախելն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական կրթական ծրագրերում: Պետական այս մոտեցումը ոչ միայն սոցիալական բաղադրիչ ունի, այլև կարևոր է այն առումով, որ երեխաների ընդգրկվածության մեծացումն էականորեն կնպաստի կրթական արդյունքների և ընդհանուր ուսումնառության բարելավման վրա:

Այս առումով մենք կարևորում ենք, որ միջազգային գործընկերների և բարեկամ երկրների աջակցությամբ իրականացվող նախագծերն ամբողջությամբ համահունչ լինեն ՀՀ կողմից իրականացվող կրթական, երիտասարդական, մշակութային քաղաքականության շրջագծին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

 ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հայ-ճապոնական հարաբերություններն ընդգրկուն են և դրսևորվում են նաև մշակութային գիտակրթական, հումանիտար և այլ ոլորտների երկխոսությամբ:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ներկաներին ողջունել է հայերեն` ի նշան հայ-ճապոնական բարեկամության: Դեսպանն ընդգծել է, որ դրամաշնորհային պայմանագրի ստորագրմամբ Արմավիրի երեխաների համար կստեղծվեն բարենպաստ և ապահով պայմաններ, որոնք կնպաստեն կրթական գործընթացի բարելավմանը:

«Ճապոնիայի կառավարությունը կարևորում է կրթության դերը և վստահ է, որ նոր սերունդն ունի մեծ ներուժ, և այս պարագայում նրանց համար պետք է ստեղծել լավագույն պայմաններ: Նաև ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել այս ծրագրում ընդգրկված բոլոր կողմերին և մաղթել հաջողություն ծրագրի իրականացման գործում»,- ասել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը շնորհակալություն է Ճապոնիայի կառավարության և ԿԳՄՍ նախարարությանը աջակցության ծրագրերի համար` նշելով, որ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և Ճապոնիայի կառավարությունը համագործակցում են դեռևս 2010 թ.-ից:

Համագործակցության արդյունքում արդեն վերանորոգվել է Արմավիր մարզի Արմավիր գյուղական համայնքի երաժշտական դպրոցը, իսկ դրամաշնորհային նոր ծրագրի շնորհիվ Արմավիր քաղաքի երեխաները կունենան ևս մեկ վերանորոգված մանկապարտեզ:

Նշենք, որ դրամաշնորհային նախագիծն իրականացվում է «Մարդկային անվտանգության «Grassroots»» ծրագրի շրջանակում։

 

Լրահոս

Դիտել ավելին