Կարևոր իրադարձություններ

Անօրինական ներկրված դեղերի տուգանքի չափերը կբարձրանան

16 Հունվար, 2023 15:20
Անօրինական ներկրված դեղերի տուգանքի չափերը կբարձրանան

««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը միտված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն ավելի արդյունավետ կազմակերպելուն: Այս մասին ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը` հունվարի 16-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով իր եւ Լուսինե Բադալյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը:

Նարեկ Զեյնալյանի խոսքով նախագծով նախատեսվում է Տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, ինչպես ունեն որոշ տեսչական մարմիններ, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող ՀՀ անօրինական ներկրված եւ կեղծ դեղերը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարձրացնել նաեւ տուգանքի չափերը: Գործող կարգավորմամբ անօրինական ներկրված դեղերի մինչեւ 30 փաթեթ հայտնաբերելու դեպքում նախատեսվում  է տուգանք` նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով, իսկ 30-ից ավելիի դեպքում` 350-ապատիկի չափով: Տուգանքի նախատեսված չափերը, ըստ հանձնաժողովի նախագահի, չափազանց քիչ են. անբարեխիղճ տնտեսվարողները վճարում էին եւ շարունակում վաճառել անօրինական ներկրված դեղորայքը: Փոփոխությամբ առաջարկվում է անօրինական ներկրված դեղերի մինչեւ 5 փաթեթ հայտնաբերելու դեպքում տուգանք սահմանել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, 5-ից ավելիի դեպքում` 2000-ապատիկի, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին հայտնաբերելու պարագայում  նախատեսվում է լիցենզիայի կասեցում մինչեւ 2 ամիս ժամկետով, կրկին հայտնաբերելու դեպքում` լիցենզիայի դադարեցում:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հռիփսիմե Հունանյանը:

Հարակից զեկուցող, ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը նշել է, որ Կառավարության կողմից նախագիծն ընդունելի է եւ կարեւոր: Արմեն Դանիելյանի խոսքով գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին