Կարևոր իրադարձություններ

Ինչպես են ճաղերից այն կողմ վերագտնում Աստծուն, ինչի են սպասում դատապարտյալները, ինչի մասին են առավել հաճախ հարցնում և որոնք են նրանց ամենատպավորիչ քայլերը

20 Հոկտեմբեր, 2015 11:55
Ինչպես են ճաղերից այն կողմ վերագտնում Աստծուն, ինչի են սպասում  դատապարտյալները, ինչի մասին են առավել հաճախ հարցնում և որոնք են նրանց ամենատպավորիչ քայլերը

 Դատապարտյալների հանդեպ հասարակության վերաբերմունքը երբեք էլ միանշանակ չի եղել:  Միևնույն ժամանակ, միշտ էլ հետաքրքիր է, թե ինչպես են ապրում ճաղերից այն կողմ գտնվող մարդիկ, հավատում  են արդյոք իրենց կյանքում որևէ մեկին ու ինչի են սպասում:

Shabat.am-ը այս թեմայի շուրջ զրուցել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի հետ:

 Ինչպես են ճաղերից այն կողմ վերագտնում Աստծուն: Եվ վերագտնում են արդյոք

Անազատության մեջ մարդն ամենից շատ կարիքն ունի ՀՈՒՅՍԻ, ազատության հույսի, կորցրածը վերագտնելու հույսի, նոր կյանք սկսելու հույսի: Իսկ Աստծուն գտնում կամ վերագտնում են ՀԱՎԱՏՔՈՎ: Երբ մարդը զրկվում է արտաքին ազատությունից, նրա մեջ ուժգնանում է ներքին ազատությունը, որը նպաստում է մարդու մեջ հավատքի կարողության ակտիվացմանը: Չնչին բացառությամբ բոլորն էլ հավատում են Աստծուն, նույնիսկ դրսևորում են իրենց հավատքը մոմավառությամբ, խաչակնքմամբ, պարանոցներին խաչ կրելով, բայց Աստծուն իրապես վերագտնում են նրանք, ովքեր վերականգնում են իրենց կյանքում ՍԵՐԸ, սեր Աստծո հանդեպ՝ մի կողմից, սեր մարդու հանդեպ՝ մյուս կողմից:

Հասարակական շահի դիտանկյունից՝ ազատազրկման դատապարտված մարդն ամենից շատ կարիքն ունի խնամքի՝ ի խնդիր իր իսկ վերականգնման և վերափոխման: Խնամք ասելով՝ նկատի ունեմ բոլոր այն պայմանների ստեղծումը, որով ազատազրկված մարդը հնարավորություն է ունենում աշխատանքի միջոցով իր էներգիան շահեկանորեն ծախսելու, ստեղծագործական միտքն ու հմտությունները կյանքի կոչելու, ամփոփ ձևակերպմամբ՝ օգտակար լինելու: Այս ամենը կարևոր է ոչ միայն մարդկայնանալու կամ մարդ մնալու, այլև չհամալրելու հասարակության սպառողական հատվածի շարքերը: Ի դեպ, Աստծուն մոտենալու բարձրագույն դրսևորումը հենց ստեղծագործելն է, ինչ-որ բան ստեղծելը սեփական քրտինքով: Սուրբ Գրքի հենց առաջին նախադասությունից մենք Աստծուն տեսնում ենք ստեղծագործելիս. «Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1:1):  

Եթե հաշվի առնենք, որ ազատազրկմամբ պատժի նպատակը ընդհանուր առմամբ երկուսն են, մի կողմից՝ հասարակության անվտանգության և սոցիալական արդարության ապահովումը, մյուս կողմից՝ օրինախախտի ուղղման հնարավորության ընձեռումը, ապա մեր արդարադատության գործող համակարգը՝ սկսած ձերբակալումից մինչև ազատազրկմամբ պատժի իրագործում, հիմնականում ապահովում է պատժի նպատակի առաջին ենթաշերտը, այն էլ՝ թվացյալ: Թվացյալ եմ ասում, քանի որ ազատազրկվածին ուղղվելու հնարավորության ստեղծման ձևական առկայությունը անկատար է թողնում նույն հասարակության անվտանգության ապահովման խնդիրը. դատապարտյալը օրերից մի օր վերադառնում է հասարակություն և եթե վերափոխված չէ, այլ ավելի մխրճված իր հանցավոր վարքագծի մեջ, ապա շարունակում է վտանգ ներկայացնել շրջապատի համար: 

Ազատազրկվածների մեջ փորձում եմ տեսնել և բացահայտել ինքս ինձ

 Ես ազատազրկվածներից սովորել եմ ազատության գինը, մարդու և կյանքի արժեքը: Սովորել եմ ավելի հաճախ և շատ զգալ Տիրոջ օգնության և օրհնության անհրաժեշտությունը, ավելի ամրապնդել հոգևոր առաքելության գիտակցությունս, ավելի բյուրեղացնել հոգևոր նկարագիրս, ինչպես նաև՝ ավելի խորն ըմբռնել մարդկային կյանքի վեհությունը և ճղճիմությունը, ավելի լավ հասկանալ մեղքի առաջացման պատճառները և մեղքի հաղթահարման ուղիները: Ազատազրկվածների մեջ փորձում եմ տեսնել և բացահայտել ինքս ինձ: Երբ բանտում քարոզում եմ Աստծո խոսքը, այն նախ և առաջ լսելի եմ դարձնում իմ ականջներին:

 Դատապարտյալների զգալի մասը, այնուամենայնիվ, անարդար է որակում իրեն տրված պատիժը

 Դատապարտյալները առավել հաճախ հարցնում են, թե ինչու ավելի հաճախ չեն հոգևորականի այցերը ազատազրկման վայրեր: Ես էլ իրենց պատասխանում եմ Քրիստոսի խոսքերով. «Հունձն առատ է, մշակները՝ սակավ: Ուրեմն խնդրեցեք հնձի Տիրոջից, որ մշակներ ուղարկի իր հնձի համար» (Մատթեոսի ավետարան 9:37-38): Իսկապես հոգևորականների պակաս ունենք:Հաճախադեպ հարցերից մյուսն առնչվում է պայմանական վաղաժամկետ ազատման խնդրին, որը համակարգային լուծում է պահանջում: Հաճախակի հարցնում են նաև պատժի ընտրովի կիրառման վերաբերյալ, որը մեր արդարադատության համակարգի կնճռոտ խնդիրներից է: Պատժի անխուսափելիության ոչ գործուն վիճակը մեր երկրում ներքին բողոք է առաջացնում շատերի մեջ: Ընդունելով և խոստովանելով սեփական հանցանքը՝ դատապարտյալների զգալի մասը, այնուամենայնիվ, անարդար է որակում իրեն տրված պատիժը՝ նկատի ունենալով, որ մյուսի նկատմամբ նմանատիպ հանցանքի դեպքում դատարանը խտրական մոտեցում է ցուցաբերել: 

Բանտային իրականության մեջ ցմահ դատապարտյալի պսակն ենք օրհնել

 Քաղաքացիական ամուսնություններ հաճախ են գրանցվում, իսկ Սուրբ Պսակի արարողություն անկախության շրջանի մեր բանտային իրականության մեջ չորս անգամ են տեղի ունեցել, որոնցից մեկով ցմահ դատապարտյալի պսակն ենք օրհնել:

 Բազմաթիվ նախկին դատապարտյալներ շարունակում են մնալ մեր հոգևոր խնամքի ներքո

Ազատազրկման վայր ես մտնում եմ որպես հոգևոր հայր և իմ հարաբերություններն էլ ձևավորվում են այդ շրջանակներում: Նշեմ, որ մեր հոգեխնամ առաքելությունը չի սահմանափակվում միայն ազատազրկման տարածքով: Բազմաթիվ նախկին դատապարտյալներ շարունակում են մնալ մեր հոգևոր խնամքի ներքո:

Ցմահ դատապարտյալներն ամեն օր առնչվում են մահվան իրողությանը

Ցմահ դատապարտյալներին ամենից շատ օգնում է ապրել կյանքի հանդեպ սերը և ազատության մեջ հայտնվելու տենչանքը: Նրանք ամեն օր առնչվում են մահվան իրողությանը, քանի որ պատժաչափի հիմքում արդեն իսկ դրված է մահվան գաղափարը: Մտածումը, որ մինչև մահ մնալու են անազատության մեջ, մահու չափ սարսափելի է: Բայց մյուս կողմից առկա է այն ծանր ոճրագործությունը, որով պայմանավորված է ցմահ ազատազրկմամբ պատիժը: Որքան ծանր է հիվանդությունը, այնքան երկարատև է բժշկումը, որը երբեմն մի ամբողջական կյանք է արժենում: Ցմահ դատապարտման հանդեպ իմ անձնական վերաբերմունքը պայմանավորված է Աստծո օրինակով. երբ մարդն արգելված պտղի ճաշակմամբ մեղանչեց, նրան որպես պատիժ տրվեց երկրային կյանքը սահմանափակ տարիների չափով, որպեսզի ապաշխարի և պատրաստվի հավիտենական կյանքին, ոչ մահվան դատապարտվեց միանգամից, ոչ էլ հավիտենական տանջանքների: Ես այս լույսի ներքո եմ հասկանում և մահապատժի, և ցմահ ազատազրկման անթույլատրելիությունը: Հավանաբար հենց այս մոտեցումն է ընկած պայմանական վաղաժամկետ ազատման օրենքի հիմքում, որով ցմահ դատապարտյալը 20-ամյա ազատազրկումից հետո հնարավորություն է ստանում ազատության մեջ հայտնվելու: Միջանկյալ նշեմ, որ այս օրենքով դեռ որևէ դատապարտյալ ազատ չի արձակվել: Ցմահ ազատազրկմամբ պատժի խոցելիությունը նաև դատական այն սխալներն են, որոնք առկա են դեռևս 24 տարվա անկախություն ունեցող երկրի արդարադատության համակարգում: Հայացք նետելով հատկապես 90-ականների դատական գործերի վրա՝ ավելի հասկանալի են դառնում ցմահ դատապարտյալների բողոքի գործողությունները:        

«Նոր ծաղիկ» տաղը լսեցի պատարագին մասնակից տասնյակ դատապարտյալների շուրթերից

Չափազանց տպավորված եմ այն ջանադրությունից և փութաջանությունից, որ դրսևորեցին «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները՝ 77 օրում միասնական ոգով կառուցելով «Սրբոց Նահատակաց» հոյակերտ եկեղեցին և հոգևոր գրադարան-ընթերցասրահը: Բավական հուզիչ էր, երբ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում զատկական սուրբ պատարագի ընթացքում Քրիստոսի հարությանը նվիրված «Նոր ծաղիկ» տաղը լսեցի պատարագին մասնակից տասնյակ դատապարտյալների շուրթերից: Ի դեպ, երգում էին շատ լավ:

Ինչպես ե նկապի միջոցները հայտնվում դատապարտյալների մոտ

Կարծում եմ՝ այս հարցի հասցեատերը հոգևորականը չէ: Կասեմ միայն, որ իմ անձնական մոտեցմամբ՝ թե հեռախոսից և թե համացանցից օգտվելու հնարավորությունը կարելի է օգտագործել որպես խրախուսանքի միջոց:

Հ.Գ. Զրույցի վերջում վարդապետը հավելեց, որ ոչ պատժի խստությունը, ոչ ազատազրկումը, ոչ էլ արդար դատապարտումը, որը տակավին երազանք է մնում մեզ համար, հասարակության անվտանգությունն ու առողջացումը չեն ապահովի, քանի դեռ մեզանում հանցագործությունը ծնող պատճառները չեն բացահայտվում և աշխատանք չի տարվում դրանց չեզոքացման կամ նվազեցման ուղղությամբ, մյուս կողմից՝ կյանքի չի կոչվում դատապարտյալների վերափոխման իրական քաղաքականությունը, որը համակարգային խորքային փոփոխություն է ենթադրում:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին