Արդեն երրորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 6-ին նշվում է «Փաստաբանի օրը»: Այսօր լրանում է նաև փաստաբանության ստեղծման 104-րդ տարին։
Որպես իրավաբանական օգնություն ապահովող ինստիտուցիոնալ համակարգ`փաստաբանությունը Հայաստանում առաջին անգամ ներդրվել է 1918թ․ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում։
104 տարի առաջ` 1918թ․ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդի (պառլամենտի) կողմից ընդունված Դատական հաստատությունների կանոնադրության 9-րդ բաժնի 2-րդ գլուխն ամբողջությամբ նվիրվել էր փաստաբաններին, որոնք այն ժամանակ կոչվում էին երդվյալ հավատարմատարներ։ Այս նորմատիվ իրավական ակտով կանոնակարգվել է փաստաբանների կազմակերպության կառուցվածքը, կառավարման մարմինները, փաստաբանների վարքագծի կանոնները և մի շարք այլ հարաբերություններ։