Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Այսօրվա դեռ չծնված աղջնակը վաղը կարող է հանրօգուտ գործունեություն ծավալել. Շիրակի մարզպետ

14 Նոյեմբեր, 2022 17:50
Այսօրվա դեռ չծնված աղջնակը վաղը կարող է հանրօգուտ գործունեություն ծավալել. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ներկա է եղել ՀՀ-ում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության հիմնական արդյունքների ներկայացմանը նվիրված համաժողովին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է հետազոտության և կանխարգելիչ աշխատանքների կարևորությանը․ «Շատ կարևոր ծրագիր է բոլոր մարզերի համար։ Կարծում եմ, որ խնդիրը որքան էլ ծանոթ է և հայտնի բոլորիս, այնուամենայնիվ տեղեկատվական արշավների և բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտություն կա այստեղ։ Ինչու կա պտղի սեռի խտրական ընտրությունը, կարծում եմ, որ սա արմատացած է մեր հասարակության մեջ, և վերաբերմունքի հենքը հենց խտրական վերաբերմունքն է առավելապես կանանց նկատմամբ։ Սրանից է գալիս հիմնախնդիրը, որի ածանցյալն է նաև պտղի սեռը։

Եվ եթե մեր հասարակության մեջ կոտրում ենք կարծրատիպերը և ասում ենք, որ այսօրվա դեռ չծնված աղջնակը վաղը կարող է մեր հասարակության մեջ պիտանի, կարևոր, հանրօգուտ գործունեություն ծավալել, ապա հնարավորինս անցնում ենք այս գործընթացով։ Շիրակի մարզի տվյալներն այս պահի դրությամբ փոքր-ինչ մտահոգող են, լիահույս եմ, որ առաջիկա տարիներին այդ տվյալները կփոփոխվեն, և ցուցանիշների առումով Շիրակի մարզը կբարելավի դիրքերը»։

Նշենք, որ հետազոտության նպատակն է նախկինում կատարված ուսումնասիրություններին համահունչ մեթոդաբանության և հետազոտական գործիքների միջոցով գնահատել հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում՝ գնահատելով նաև վերջին հինգ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները։

Միջոցառման ընթացքում շահագրգիռ կողմերին ներկայացվել են հետազոտության հիմնական արդյունքները։

Ըստ այդմ՝ Հայաստանում տղա երեխայի նախապատվությունը պայմանավորող գործոնները հիմնականում սոցիալ-տնտեսական են, իսկ աղջիկ երեխայինը՝ հոգեբանական։

2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանում 100 աղջկա հաշվով ծնվել է 111 տղա։ Սեռերի համամասնության ամենամեծ շեղումը 2021-ի տվյալներով գրանցվել է Արմավիրի և Լոռու մարզերում, նրանց հաջորդում են Շիրակն ու Սյունիքը։

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից «ՕքսեՋեն» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին